Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՍ Չէ՛, ԴՈԻՐՍ ԵԼԱՎ

Այս տարի կաղանդի առտուն ամենուն ալ ըսելիքը սա խոսքն է «հոս չէ, դուրս ելավ»։

Ամեն անոնք որ կաղանդչեք տալու ստիպված են, կաղանդի օրը միշտ դուրս ելած կըլլան, ո՛չ տունը կը գտնվին, ո՛չ ալ խանութը։ Կը նայիս, որ դեղագործին մանչը ձեռքը «էլիքսիրի» սրվակ մը բռնած՝ դուռդ կը զարնե։ Կը բանաս ու կը հարցունես։

— Ի՞նչ կ՝ուզեք։

— Աղային հատկապես նոր տարի բարեմաղթելու եկա, Աստված շատ տարիներու հասցնե։

— Աղան հոս չէ, դուրս ելավ։

Անդիեն կը նայիս, որ սրճարանի մը սպասավորը թեփսիի մը մեջ շաքար դրած սենյակեդ ներս կը մտնե։

— Աստված շատ տարիներու հասցնե․․. Աղան ո՞ւր է։

— Աղան հոս չէ, հիմա դուրս ելավ, ես ալ անոր կ՝սպասեմ կոր։

Ասդիեն կը նայիս, որ սախային մեկը հարուստի մը դուռը բանալով կը մտնե։

— Ի՞նչ կ՝ուզեք։

— Աստված շատ տարիներու հասցնե։

— Աղան հոս չէ, դուրս ելավ։

— Հիմա դռնեն ներս մտավ։

— Հիմա մտավ ամա, անդիի դռնեն ելավ։

Հացագործի մը տղան առտվանց գործը ձգած տուն մը կը մտնե․

— Ի՞նչ կա։

— Ես որ ձեր բարիքը մոռցած չեմ և միշտ ձեր հովանավորության տակ ապրելու բարեբախտությունն ունիմ, պարտ անձին համարեցա ասանկ օր մը իմ երախտագիտությունս ձեզի հայտնելու, խնդրելով, որ ընդունիք իմ երախտագիտության հավաստիքը, որով մնամ ձեր ամենախոնարհ ծառա հացագործ։