Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ ՄԵՂՈՒԻ

Ինչպես որ Օրագիր մեկ սկզբունքեն մյուս սկզբունքը ցատկելու ատեն ուրախություն կզգար, այնպես ալ Մեղուն մեկ շրջանեն մյուս շրջանը ցատկելու ատեն ուրախություն կզգա, միայն սա տարբերությամբ, որ Օրագրո այս ուրախությունը ամեն օր է, մինչդեռ Մեղուինը տարին անգամ մը։

Լրագիրը ոմանք նոր շրջանի թևակոխած ատեննին երկար բարակ դիտողություններ կընեն նախորդ շրջանին վրա, ազգին մատուցած ծառայություննին մի առ մի նշանակելով՝ ընթերցողաց երեսը կը զարնեն և այնպես կը ցցունեն թե, եթե իրենք չըլլային ազգը պիտի կորսվեր։ Մեղու այս սովորության չպիտի հետևի, որովհետև տղա խաբելու և տղու մը պես պարծենալու թեթևությունը չունի։ Միայն սա չափ պիտի ըսե, որ յուր նախորդ շրջանին մեջ բավական նեղություն կրեց յուր խղճին պատճառավ, որովհետև միայն անոր ձայնին ականջ կախեց, ինչպես որ պիտի կախե նաև ասկից ետքն ալ։

«Եթե խմբագրության մեջ կուզես հանգիստ ապրիլ, կըսեր օր մը մեկը, գրե ինչ որ ժողովրդյան հաճելի Է. խմբագիր մը խանութպան մԷ, և հաճախորդ մը ինչ ապրանք որ ուզե խանութպանը զայն տալու պարտավոր Է»։

Որչափ ալ սխալ նմանություն մը ըլլա աս, իրավ է որ խմբագրաց մեծագույն մասը իբր խանութպան կը վարվին կոր հրապարակի վրա, և հիվանդին ճաշակին ո՜ր դեղը գա նե՝ այն դեղը կուտան կոր, բայց հիվանդը կը մեռնի եղեր, իրենց հոգը չէ, բավական Է, որ հիվանդին ճաշակը շոյեցին, բավական է, որ իրենց վարձատրությունը առին։

Մեղուն չըրավ աս և չպիտի ընե, որովհետև լրագրի մը պաշտոնը միայն ապրիլ չէ, այլ ապրեցունել, և լրագիր մը հիվանդություն մը բուժելու համար պարտավոր է ո՛չ թե հիվանդի, այլ հի-