Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՂՔԱՏՈԻԹՅԱՆ ԴԱՐ

Ետևե ետև նոր նոր գողություններ կը լսվին մայրաքաղաքիս մեջ։

Ստակ չունեցողներուն աչքը լույս, գիշերները հանգիստ կրնան քնանալ, ցերեկները հանգիստ կրնան պտըտիլ։

Աղքատությունը անհանգստությանց հետ ունի նաև հանգիստ ժամեր։ Վաճառականները, սեղանավորները և ամեն անոնք, որ հարուստ են, կը վախնան գողերեն, միայն աղքատներն են, որ այս վախեն ազատ են։

Գողերն այն չափ շատցան այս օրերս, որ մարդս հանգիստ ապրելու համար ստակ ունենալու չէ և շատ հավանական է, որ այս է պատճառը, որ շատերու քով ստակ չգտնվիր կոր այս օրերս։

Դարս աղքատության դար է, ստակ չունենալու հարմարություն ունեցող դար մէ։

Բայց հարուստները ի՞նչ ընեն։

Թող անոնք ալ աղքատ ըլլան, թե որ առանց վախու ապրիլ կուզեն, կամ գողերեն զգուշանան։

Բայց որովհետև այսօրվան օրս գողերը որոշելը խիստ դժվար է, մեր կողմանե ծառայություն մը ընելու համար քանի մը նշաններ կը դնենք հոս՝ որովք կարող ըլլան գողերը ճանչնալու։

Առջի օրը երիտասարդին մեկը ճաշարան մը կը մտնե։ Փորը աղվոր մը կշտացնելեն ետքը հաշիվը կը հարցնե, — Քանի՞ ղուրուշ է պարտքերնիս։

— Քսան ղուրուշ։

— Իրիկունը տունը եկուր տամ, վրաս ստակ չունիմ։

— Ինչո՞ւ։

— Որովհետև գողերը այնչափ շատ են, որ վրաս ստակ առնելու կը վախնամ կոր։

Երիտասարդը աս կըսե ու կծիկը կը դնե։