Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՐՄԱՆԻԱՅԵՆ ՀՐԱՀԱՆԳ

Մինչդեռ մենք մեկ կողմեն ցուրտեն շվարեր մնացեր ենք, անգինն ալ ուսում և գիտություն սորվելու համար Գերմանիա գացող հայ երիտասարդները Մանզումեի մեջ նամակներ հրատարակելով Պսլսո լրագիրներուն հրահանգ տալու ելեր են։

Աս աղեկ․․. ցուրտի՜ն նայինք, թե անոնց հրահանգներուն։

Չգիտենք, թե այդ երիտասարդները հոն բան մը սորվելու համար գացին, չէ նե մեզի բան սորվեցունելու համար։

Ասոնցմե մին կըսե, թե ավելի աղեկ կուզեմ Փանոսյան վարժարանի մեջ ինչ մեթոդով դաս տրվիլը կարդալ լրագրաց մեջ, քան թե այս ինչ դեսպանին այն ինչ դեսպանին տված կոչունքը։

Շատ աղեկ. անոր համար հատկապես լրագիր մը կը հրատարակենք, որուն պաշտոնն ըլլա միայն Փանոսյան վարժարանին մեջ ինչ մեթոդով դաս տրվիլը գրել։

Անդիեն ուրիշ մալ կը պոռա, թե ավելի կուզեմ այս ինչ վանքին մեջ վարդապետներուն ինչ ուտելը կարդալ, քան թե Եվրոպայի հեռագրալուրերը։

Կարծիքները ազատ են, ի՞նչ կրնանք ըսել, լրագիր մալ ասոր համար հրատարակելու է, որուն պաշտոնն ըլլա միմիայն վարդապետներուն կերակուրներուն վրա խորհրդածություններ ընել։ Այս լրագրին անունն ալ կուզե նե «խոհանոց» կը դնենք։

Երրորդ մալ կըսե, թե ավելի կուզեմ գավառներեն գրված նամակներ կարդալ և գավառացվոց վրայոք տեղեկություններ առնել, քան թե քաղաքական խորհրդածություններ։

Աս ալ իրավունք ունի. ասոր համար ալ լրագիր մը հրատարակելու է, որուն պաշտոնն ըլլա միայն գավառական նամակներ հրատարակել. և կամ նամականի մը առնելու ղրկելու է, որ առնե կարդա։ Բայց, ասիկա վարժապետի, չորպաճիի վեճ չուզեր եղեր, աղեկ ա՛, մենք ալ ինչպես նամակ կուզե կոր նե անանկ նամակ կը գրենք։