Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չորպաճիներն անդին վարժապետները կը չարչարեն, դպրոցները կը գոցեն, ժողովուրդը կը տանջեն եղեր, որո՞ւ հոգ, Գերմանիո ուսանողները չեն ուզեր կոր։

Մենք իրենց կարծիքը հարգեցինք, հիմա ալ կարգն անոնց է, որ մերինը հարգեն, մենք իրենց ուզածն ընդունեցինք, հիմա ալ անոնք մեր ուզածը կընդունին հարկավ։

Մեր ուզածը մեծ բան մը չէ, մենք ալ կուզենք, որ մարդս չգիտցած բանին վրա չխոսի, որովհետև ոևէ խնդրույն արտաքին երևույթեն զատելը դյուրին, բայց գրեթե միշտ սխալ է և մենք չենք ուզեր, որ ուսանող մը սխալ դատողությամբ անոր ասոր խրատ տա, խրատ առնելու տարիքին մեջ, անոր ասոր հրահանգ տա, հրահանդ ընդունելու տարիքին մեջ։

Ուսումնական խորհուրդ մը ունինք, Վարժապետական ժողով մը ունինք, որ ի՛նչ եղանակավ դաս տրվելիքին վրա խուրհրորդ կընե, ժողովներ կը գումարե, կը վիճաբանի։ Ասկից զատ, երբեմն երբեմն ան ու աս իրենց կարծիքը կը հայտնեն լրագրաց մեջ դյուրին եղանակավ ուսուցանելու խնդրույն վրա։

Արդ, ի՞նչ կուզեր մեր պարոն ուսանողը, լրագիր մը յուր բոլոր թերթերը ուսուցանելու եղանակի՞ն զոհեր, որովհետև մեր պարոն ուսանողը այդ ճյուղը կը մշակե և օր մը ուսուցիչ ըլլալու կոչված է։

Գավառներեն նամակ կուզեն եղեր, բայց չորպաճիի, վարժապետի կռիվ չուզեր եղեր, այն գավառին վիճակը հասկնալ կուզե՝ եղեր։ Աղեկ ա՛, ահա այդ գավառին վիճակն ալ ան է եղեր, չորպաճիի և վարժապետի կռիվե ուրիշ բան չկա եղեր։ Մեր երիտասարդ ուսանողը թո՞ղ հրաման ընե, գավառներն իր ուզած վիճակին վերածե և լրագիրը ալ ան ատեն իրեն ուզածին պես նամակներ հրատարակեն։

Արդարև ծիծաղելի է մեր ուսանողին պահանջումը, Պոլսո լրագիրը այն ինչ դպրոցեն չորպաճիի մը ձեռոք գոցվիլը կը հրատարակեն, ասիկա անդիեն կը պոռա, թե՛ դպրոցին գոցվիլը, չորպաճիին կռիվը մի՛ գրեք, այլ այն դպրոցին մեջ ինչ եղանակավ դաս տրվիլը գրեցե՞ք։

Աղե՞կ, աղե՞կ, այս ինչ մարդը մեռեր է կըսենք կոր մենք, անիկա անդիեն «Այն մարդը ինչ կերպով կապրի» կը հարցնե կոր մեզի։

Մեր երիտասարդ ուսանողը հեռուն գտնվելուն համար իրաց մակերևույթը միայն տեսեր և անոր վրա հիմներ է իր դատողությունը։ Յուր կարծիքը աղեկ է, բայց ուղիղ չէ։ Լրագրի մը պաշտոնը