Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստակները ի՞նչ եղան, ընկերությունը ի՞նչ եղավ, ընկերության սկզբունքը ի՞նչ էր։

— Ասոր ըսելիք չունիմ, օրինավոր հարցումներուն պարտավոր եմ պատասխանել։ Ընկերությանս սկզբունքն երեք գլխավոր նպատակներ ունի, ինչպես որ օրինագրքին մեջ ա՛լ գրված է, այն է Ա. սիրել զհայրենիս. Բ. սիրել զազգս և Գ. սիրել զանձս։ Ինչպես որ կը տեսնեք, երեքին գլուխն ալ մեյմեկ Զ կա։

— է՛յ, զհայրենիս, զազգս և զանձս սիրեցինք։

— Ես սիրեցի, ինչպես որ օրինագիրքը պարտք դրած էր վրաս սիրելու։ Դուք չսիրեցիք նե՝ կ՝աղաչեմ, աշխատեցե՛ք սիրելու, որպեսզի օրինագրքին հակառակ վարված չըլլաք, կաղաչեմ, հարգեցե՜ք օրինագիրքը, կաղաչեմ հարգեցե՛ք Ֆրանքլինի սա խոսքը, թե՝ եթե հարուստ ըլլալ կուզես սիրե ընկերությունը և սովրե խնայել, որչափ որ կաշխատիս: Աղեկ մտքերնիդ պահեցեք Ֆրանքլինի սա խոսքը, և թե որ ժամանակ ունենամ՝ ես Ֆրանքլինեն ուրիշ կտորներ ալ կուտամ ձեզի։

— Տոքթո՛ր, բիանքոն ընկերության չզարկա՞վ։

— Զարկավ և գեշ զարկավ, կործանեց ընկերությունը, բայց Ֆրանքլին կըսե, թե թշվառությունը մարդուս համար է... կը խնդրեմ, որ սիրեք ընկերությունը։

— Ստակները ի՞նչ եղան։

— Ամեն անդամին հարյուրին մեկ կիյնա կոր, լուսավորյալ ազգերը հարյուրին մեկը սա պես կը գրեն, տեսե՛ք 10/0։ Լուսավորությունը ուրիշ բան է, դուք ալ ասկեց վերջը տետրակներնուդ մեջ «հարյուրին մեկ»-ը այդպես գրեցե՜ք. մեր խեղճ ազդը պետք է որ մյուս ազգաց նմանի։ Խեղճ ազդ մենք։ Կաղաչեմ, ինչպես որ օրինագիրքնիս կըսե, խնայողութեան, տնտեսության և ընկերական սկզբան բարի օրինակ եղեք։

— Ընկերությունը ցրվեցա՞վ։

— Ֆրանքլին այս մասին բան մը չէ դրած, բայց օրինագիրքնիս կըսե, որ ընկերությանս տևողությունը հինգ տարի է։ Ես ալ այս կարծիքեն եմ, որ ընկերությունս հինգ տարի տևե։

— Ստակ չէ մնացեր նե։

— Թո՛ղ ստակ չմնա, բավական է, որ ընկերությունը տևե։

— Բայց, ի՞նչպես վնասվեցավ ընկերությունը։

— Ինչպես որ օրեն է վնասվիլ։ Ֆրանքլին կըսե, թե ընկերություն մը կրնա վնասվիլ։ Ֆրանքլինի պես մարդ մը սուտ չխոսի պիտի յա ձեզի։

— Հաշիվները չե՞նք կրնար տեսնել։