Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՍՈՒՆԻՆ ԵՐԱԶԸ

Գերապայծառ Հասունը անցյալ շաբաթ երազ մէ տեսեր զոր այսպես կը պատմեն նույն երազին մեջ գտնվող ականատես վկաները։

Նորին գերապայծառությունը բարձր ցիցի մը վրան ելեր կը նստի եղեր, հազարավոր մարդիկ նորին ցցանիստ գերապայծառության հոյակապ ոտքերը կը լիզեն եղեր, մյուս կողմեն ալ չորս գլխով, վեց բազուկով հաղթանդամ հսկաները նորին գերապայծառ ոտքին չվան մը կապելով վար կը քաշեն եղեր։ Այս միջոցին քանի մը թեթև մարդիկ օդապարիկի մը մեջ նստած օդը բարձրացան, և վարեն քաշողներուն դեմ իրենք ալ սկսան վերեն քաշել, մեկ մասը վարեն՝ մյուս մասն ալ վերեն քաշելով նորին գերապայծառությունը երկու կտոր ըրեր են, կես մեջքեն վերը՝ օդապարիկեն կախված, վարն ալ ցիցի վրա լավ մը գամված։

Օդապարիկը բավական բարձրանալեն վերջը կամաց կամաց աներևույթ եղեր է. հաղթանդամ հսկաները աս տեսնելով ցիցը կը հանեն և կերթան պոստանի մը մեջ կը տնկեն զայն իբր խորխուլուխ։

Ագռավները ոչ թե միայն այս խորխուլուխեն չեն վախցեր, այլ սկսեր են նորին գերապայծառության ոտքերը կտցել այնչափ անգթությամբ, որ նորին գերապայծառությունը ցավեն մեկենիմեկ արթնցեր է։

Հետևյալ օրը, էշեկյան վարդապետը կանչել տվեր է այս երազը մեկնելու համար, հիշյալ սրբազնասուրբ էշեկյանն ալ այսպես մեկնություն տվեր է։

Ցիցը բարձրության նշան է. քանի մօրեն ձեր հոգին երկինք պիտի բարձրանա:

Ձեր ոտքը լիզողներն զձեզ սիրողներն և Պետրոս առաքյալեն ավելի պաշտողներն են։