Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԱԲԱՐԻ ԽՆԴԻՐ

Մենք ալ բերաննիս բացեր կսպասեինք, որ գրաբարի խնդրույն վրա եղած և ըլլալիք վիճաբանություններեն ազգին օգտակար արդիւնք մը պիտի ելնե.․. կարծիքնիս սխալ ելավ. բերաննիս գոցենք։

Վարժապետական ժողովին՝ մեջ ամեն մարդ իր շինած կամ շինելիք քերականությունը քշելու նպատակով հարուցած է եղեր այս խնդիրը։ Քերականություն ունենալնուն համար գրաբարի խնդիրը հարուցեր են, եթե ասոնք մեյմեկ կով ունենային, կովու միսին վրա պիտի վիճաբանեին և մեզի ալ պիտի ըսեին, թե դպրոցներուն բարեկարգությունը կովու միսեն կախում ունի։ Գեշ չէ ասիկա։ Գոնե օր մալ լրագրաց վրա վիճաբանություն ընեն, որ մենք ալ մեր թերթերը քշենք։

Ահավասիկ վերջին ժողովեն մեջ անցած խոսակցության ոգին։

— Իմ քերականությունս դյուրուսույց եղանակ մը ունի, ուրիշ քերականության տարվան մը մեջ սորվեցուցածը իմ քերականությունս ամսվան մը մեջ կը սորվեցունե։

— Իմ նոր շինածս ավելի աղեկ է։

— Ի՞նչ հիման վրա է։

— Համառոտ հիման վրա է. տղայոց հասկնայի ըլլալու համար, որչափ դժվար բաներ կա նե՝ դուրս ձգեցի։ Քիչ ժամանակի մեջ սորվեցունելու համար հոլովներն ու բայերը հանեցի, ձանձրույթ չտալու համար նախդիրներն ալ չդրիք կոկիկ բան մը եղավ։

— Քերականություն մալ ես գրելու վրա եմ, հինգ ամիսե կը լմննա, բայց ընտիր դասագիրք մը պիտի ըլլա։

— Հատ մալ ես շինած ունիմ։

— Կամչնամ կոր ըսելու, հատ մալ ես ունիմ։

— Բերանս առաջ չերթար կոր ըսելու, որ հատ մալ ես ունիմ։

— Քուկին հոլովներդ քանի՞ են։