Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարոնյանը նախքան «Մեղուն», աշխատակցել է «Եփրատին», իսկ հետո դարձել նրա խմբագիրը, ուրեմն, սույն անստորագիր հոդվածի հեղինակը Պարոնյանն է։

Պարոնյանի հսկա անհատականությունն ամբողջությամբ արտացոլված է նրա գեղարվեստական ստեղծագործության և լրագրական գործունեության մեջ։ Նրա հրապարակախոսական հոդվածները հեղինակի գրական ժառանգության մի մասն են կազմում։ Հատորում տեղ գտած հրապարակախոսական երկերի մեջ Պարոնյանը նույն երգիծաբանն է, պաշտպանը արդարության, ժողովրդի և մարդու իրավունքների։ Այս առումով ուշագրավ են այն հոդվածաշարքերը, որոնք նվիրված են ազգային Սահմանադրությանը, երեսփոխաններին ու Խրիմյան պատրիարքութեան շուրջր ծագած պայքարին։

Պարոնյանը միշտ քննադատել է ազգային Սահմանադրությունը, համարելով այն իրեն չարդարացնող, թղթի վրաա գրված լոկ խոսք։ Հեգնել է Սահմանադրության տարելիցի առթիվ կազմված հանդեսները, ազգային երեսփոխանական ժողովի նիստերը, երեսփոխանների անպատասխանատվությունն ու փառամոլությունը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Խտղտում» էջ 342, «Հոսհոսի ձեռատետրը», էջ 472։ V հտ., «Կաչաղակ և ծիծաղ», էջ 123։ VI հտ., «Բառագիտական», էջ 18, «Մանր ճշմարտություններ», էջ 50)։

Պարոնյանը կրքոտ շահագրգռությամբ հետևել է ազգային կյանքին սերտորեն առնչվող, Խրիմյանի պատրիարքության դեմ նյութված դավերին, որի գլխավոր դեմքերից էր Խորեն Նար Պեյը։ Հատորի հոդվածներում լայն արձագանք է գտել այդ պայքարը և ամենուր հեղինակը հանդես է եկել ի պաշտպանություն Խրիմյանի։ Հայտնի է Պարոնյանի բացասական վերաբերմունքը դեպի Նար Պեյը և համակրանքը Խրիմյանի հանդեպ։ Նա միակ հոգևոր դեմքն էր, որ զերծ էր մնացել երգիծաբանի խարազանից, և Պարոնյանը միշտ հանդես է եկել ի պաշտպանություն Խրիմյանի, հանձին նրա տեսնելով ժողովրդի շահերի անկաշառ, նվիրված պաշտպանի։

Հիշյալ մանրամասնություններն ինչպես և քաղաքական դեպքերի հետ կապված Պարոնյանի դիրքավորումը պարզելուց հետո, դժվար չէ «Մեղվի՝ հրապարակախոսական, անստորագիր հոդվածների մեջ տեսնել մեծ երգիծաբանին։

Պարոնյանի հրապարակախոսական հոդվածների շարքին են պատկանում հատորում տպագրվող, մեծահարուստ Հակոբ Կյոչեյանի դեմ գրված հոդվածները։ Առաջին հոդվածը անստորագիր է, վերնագիրն է «Մեղու առ վսեմափայլ Հակոբ էֆենդի Կյոչեյան»։ Երկրորդի տակ, որի վերնագիրն է «Առ վսեմափայլ անվանակիցդ իմ Կյոչեյան էֆենտի», ստորագրության փոխարեն գրված է՝ «Վսեմափայլ անվանակիցդ», երրորդը՝ «Թե ինչու Կյոչեյան էֆենտի Մեղուեն ավելի բարեկամ ունի» դարձյալ անստորագիր է։ Նախ, Կյոչեյանի անվանակիցը ինքը Հակոբ Պարոնյանն էր, երկրորդ, առաջին և վերջին հոդվածների վերնագրերի մեջ հանձին «Մեղուի» Պարոնյանը նկատի ունի իրեն, հետևաբար ամբողջ հոդվածաշարքը Պարոնյանինն է։ Ոչ միայն փաստական այս ապացույցները, այլ հոդվածների ոճը, մտքի հստակությունը, դատավճիռների անողոքությունն ու սկզբունքայնությունը ամբողջովին պարոնյանական են։

«Մեղուի» 1873 թվականի հուլիսի 7-ի (№ 152) առաջնորդողն անվերնագիր և անստորագիր, իր տեսակի մեջ վերին աստիճանի ինքնատիպ մի փաստաթուղթ է։

Վշտացած խմ բագիրը «Մեղուի» չվաճառված համարները թղթի փոխարեն ծախում է նպարավաճառին։ Նյութի բովանդակությունն ու շարադրանքը, ծիծաղով