Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԱՍԱԳԻՐՔ

ՎԵՐԱՔՆՆԵԼԻ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈԻԹՅԱՆ

Ի ՊԵՏՍ ԴՊՐՈՑԱՑ

Ի ՊԱՏՐԻԱՐՔՈԻԹՅԱՆ

Տ. Տ. ՄԿՈՏՉԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԽՐԻՄՅԱՆԻ

ԳԼՈԻԽ Ա.

Հարց. — Ի՞նչ ըսել է սահմանադրություն։

Պատասխան. — Սահմանադրություն կըսվի այն գիտութեան՝ որուն ինչ ըլլալը չիյտենք։

Հարց. — Քանի՞ տեսակ սահմանադրություն կա։

Պատասխան. — Երկու տեսակ. գործնական և տեսական։

Հարց. — Ո՞րն է գործնականը։

Պատասխան. — Գործնականը այն է, որ տեսած չունինք։

Հարց. — Ո՞րն է տեսականը։

Պատասխան. — Տեսականը այն է, որ գործած չունինք։

Հարց. — Ի՞նչպես կրնա քննվիլ սահմանադրություն մը։

Պատասխան. — Սահմանադրություն մը քննելու համար ընդհանրապես երեք բան կա հարկավոր, աղեկ խորհիլ այնպես խոսիլ, քիչ խոսիլ և շատ մտիկ ընել, պաղարյամբ խոսիլ։

Հարց. — Այս երեք բանը մեր ժողովին մեջ մտցնելու համար ի՞նչ ընելու ենք։

Պատասխան. — Վայրկյան մը ազգին խեղճությանը նայինք։

Հարց. — Աղեկ. հիմա սահմանադրությունը հիմնական սկզբունքեն քննելու եմք թե սկզբնական հիմունքեն։

Պատասխան. — Որին որ հնչումը դյուրին է նե՝ անկեց սկսինք։