Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակայն, նրանց համար նախատեսված տեղում հայտնվում են կողմնակի մարդիկ, որոնց ներկայությունը հարկադրում է Փանոսյանին աշակերտությանը հեռացնել։ Հիշյալ դեպքի բերումով, հաջորդ տարին՝ 1871 թվականի մայիսին, Սահմանադրության տարեդարձը Փանոսյանը նշում է իր սանուհիների հետ առանձին, ոչ թե Պեյքոզում ընդհանուր ժողովրդի հետ, այլ Սարըյարում։

Փանոսյանի արարքը ընդհանուր զայրույթի առիթ է դառնում։ Բողոքով ու քննադատություններով շատերն են հանդես գալիս, ի թիվս որոնց և Պ. Դուրյանը մի քանի հոդվածներով (տե՛ս Պ․ Դուրյան, Երկհատորյակ, I հտ., «Պառակտում մը», «Երկու խոսք առ Սամաթիացիս» և «Դրժում»)։

Դուրյանը Փանոսյանի արարքը որակել է երկպառակտություն ազգի մեջ. «Ազգասեր մի ազգային ներդաշնակութենեն թել մը կը կոտրե» (տե՛ս Պ. Դուրյան, Երկհատորյակ, I հտ., «Պառակտում մը», էջ 125)։

Այս առթիվ նա զայրացած գրել է.

«Եվ Ագապյան սանուհիք կը հավանին այս որոշման։ Չեն բողոքեր այսպիսի ցավալի պառակտման մը դեմ և իրենք իրենց կ՝ուզեն օտար հանդիսավայրի մը մեջ հիշատակել ազգին Սահմանադրության խորթ հանդեսը (տե՛ս Պ. Դուրյան, Երկհատորյակ, 1 հտ., «Պառակտում մը», էջ 126)։

Դուրյանի վրդովմունքը փարատվում է։ Սանուհիներից Աղավնի Վարդանյանը չի ենթարկվում Փանոսյանի որոշմանը. անջատվում է աշակերտուհիներից, գնում է Պեյքոզ, մասնակցում Սահմանադրության համազգային տոնին և հանդես գալիս հայրենասիրական փայլուն ճառով։

Ա. Վարդանյանի համարձակ քայլը և նրա եղբոր՝ Փանոսյանին հասցեագրված հրապարակային դիտողությունները պատճառ են դառնում Ա. Վարդանյանին ու քրոջը Ագապյան վարժարանիդ վտարելուն։

Պարոնյանը այդ առթիվ գրել է.

«Թե որ բոլոր տնօրենները Մանզումեին պես իրենց հետ վիճաբանողին քույրը կամ ազգականը դպրոցեն արտաքսեին՝ բոլոր աղջիկները իրենց եղբայրցը կարծյաց ազատությանը կը զոհվին...

Թե որ բոլոր սանուհիք Ագապյան վարժարանի սանուհյաց մեկուն պես ճշմարտություն մը խոսելնուն համար դպրոցեն արտաքսվեին՝ աղջիկներն մեյ մեկ գերիներ պիտի ըլլային» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Թե որները», էջ 56)։

Նույն գնահատանքին է արժանացրել Պ. Դուրյանը Փանոսյանի արարքը Վարդանյան քույրերի և նրանց եղբոր նկատմամբ.

«Քաջ գիտնանք, սամաթիացիք, — գրել է Դուրյանը, որ այսուհետև, երբ Ագապյան վարժարան գնացող օրիորդի մը եղբայրը կամ ազգականը կամ ծնողքը կամ բարեկամը Փանոսյանի հետ հակակարծիք ըլլա, նույն օրիորդն ալ օրիորդ Վարդանյաններուն բախտին բախտակից պիտի ըլլա. և այսպես շարունակելով, սա տխուր գուշակություն ընել պիտի տա մեզ, թե օր մը բոլոր օրիորդներն արտաքսելով, համբավատենչ Ագապյան վարժարանն ալ Փանոսյանի կիսկատար արարից դժբախտ ճակատագրին ենթարկվի պիտի...» (տե՛ս Պ. Դուրյան, Երկհատորյակ, I հտ., «Երկու խոսք առ սամաթիացիս», էջ 143)։

3. «...Մետենիյեդ տյուշմենլերի» — Քաղաքակրթության թշնամիներ։