Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՄՈՒԼԻ ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի սեպտեմբերի 3-ին (№ 169)։

1. Ակնարկում է կաթոլիկ մեծահարուստ Հ. Կյոչեյանին (տե՛ս «Մեղու առ վսեմափայլ Հակոբ էֆենտի Կյոչեյան», «Առ վսեմափայլ անվանակիցդ իմ Կյոչեյան էֆենտի», և «Թե ինչու Կյոչեյան էֆենտի Մեղուեն ավելի բարեկամ ունի» հոդվածաշարքը)։

2. Խոսքը վերաբերում է լուսավորչական հայերին։

3. «Տիոժեն» — Տե՛ս «Թուղթ մխիթարական Մեղուի առ Տիոժեն», ծանոթ. № 1։

4. Պարոնյանը նկատի ունի Կյոչեյանի դեմ «Մեղվում» տպված իր հոդվածները՝ որոնք ոչ թե երկու, այլ չորսն են, չորրորդը կոչվում է՝ «Կյոչեյան էֆենտին Մեղուի վարդապետին խալբախին մեջ», որը մեր հատորում զետեղված չէ։

5. Պալյան տոհմը հռչակված էր մեծահամբավ ճարտարապետներով։ Մի քանի սերունդ անընդմեջ օսմանյան պետության արքունի ճարտարապետները Պալյաններն էին, ինչպես Կ. Պալյանը, նրա որդիներ Հ. և Ս. Պարանները և ուրիշներ։ Պալյանները սերտորեն կապված էին ազգային-հասարակական կյանքի հետ, եղել են ազգային բարերարներ, սատարողներ թատրոնի և ընդհանրապես մշակութային կյանքի։

6. Այսինքն՝ բավարարվիր Հ. Կյոչեյանով։


ԶՈՅԻԼՅԱՆ ԲԱՆԱԿԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի սեպտեմբերի 12-ին (№ 170)։

1․ Տե՛ս «Արտասուք Մեղուի»։

2․ «Զոյիլյան զորականք» — «Օրագիր», «Փունջ», «Ասիա» և «Մամուլ» թերթերի խմբագիրներն են։ Այսպես է անվանում Պարոնյանը, նմանեցնելով նրանց նենգ արարքը հույն ճարտասան Զոյիլին, որը չարամտաբար մանրակրկիտ քննադատության ենթարկեց Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը»։

3․ «Օրագրի» համապատասխան համարները չունենալու պատճառով անկարող ենք նրա հրապարակած նամակի բովանդակությունը իմանալ․ ակնարկից ենթադրում ենք, որ «Օրագիրը», «Մասիսի» խմբագիր Ութուճյանին ամբաստանել է։

4. Ծաղրում է «Օրագրի» խմբագիր Օ. Խոճասարյանի հարբեցողությունը։

5․ «․․․ և իզմային հանճարով» — Այսպես է անվանում Ն․ Թյուլպետճյանին «իզմ» վերջավորությամբ եվրոպական բառեր շատ գործածելուն համար (տե՛ս «իզմ էֆենտի»)։

6. «Ֆըչըյի չեմպեր» — «Ֆըչին» տակառն է, «չեմպերը» տակառի շուրջի երկաթյա օղակը։

7. «Օրագրի» «գլտորելով» Սամաթիա երթալու պատճառր խմբագրի՝ Օ. Խոճասարյանի, սամաթիացի լինելն է։ Հիշյալ արտահայտության իմաստն է, թե Խոճասարյանը որտեղից որ դուրս է եկել, այնտեղ էլ կգնա։