Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Արդ արձակեա զծառայս քո, Տէր, ըստ բանի քում ի խաղաղություն, զի տեսին աչք իմ զփրկություն հեթանոսաց։

Լոյս յայտնեցաւ հեթանոսաց և փառք ժողովրդեան քում Հայաստանի։

— Դարձյալ կըսե։

Ուխտե օրիորդ, եթե զիս և եթե զԱգապյան կը սիրես, տարածել միշտ լույս ու սեր, տարածել ամեն տեղ, ամեն պարագայի մեջ, ամենուն համար և ԱՄԵՆ ՄԻՋՈՑՈՎ..․։

— Հոս Փանոսյանը չարամտություն չունի. այլ անմտություն ունի։

Ահա այս է, օրիորդ, իմ վերջին և նվիրական պարտքս։

— Ալ այսուհետև Փանոսյան պարտք չունի։

Վերջին հույսս, վերջին սերս։

— Փանոսյան կը մեռնի՞, ինչ կըլլա՝ Lnւյu առ և լույս տուր, սեր առ և սեր տուր։

— Կըլլա առուտուր։

...քու փափագդ ըլլա միշտ գրել, կարդալ, սովրիլ և սովրեցնել։

— Այսինքն, երգել, պարել, դաշնակ զարնել, ժիմնասթիք ընել, երբեմն ալ դուն ինձի շնորհակալության նամակ կը գրես, ես ալ քեզի բնություն, բնական օրենք, Աստված, սեր, լույս, թշնամություն, փորձանք, հրաշք, Հայաստան, վեստալ, հավատք, տաճար, խնկարկու, սկզբունք, ազատություն, գերի, ճակատագիր, զինվոր, սրբազան, գազան, հուր, հավիտենականություն, անհունություն, սիրահար և այլն խոշոր ու երկուքնուս ալ չհասկցած բառերովը լեցուն պատասխան կը գրեմ։

Վերջապես քու առաջին և վերջին նպատակդ ըլլա դյուցազնություն առաքինությանց։

— Մենք ընթերցողներուն այսքան խոսք բացատրեցինք, այս խոսքն ալ թող ընթերցողները մեզի բացատրեն։

...Երթաս բարյավ, Կարապետ Հ. Փանոսյան։