Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զավկներն ապրեցներ, է՜հ, Վանա մեջ ուրիշներուն բարիք ընող մյուս մարդիկը ինչով կապրեին նե՝ աս ալ անով կապրեր, ասկե զատ. սա ալ գիտենք, որ Պողոս հոս, Պոլսո մեջ, մորը մանածը ծախելեն ետքը՝ տարիներով Իփլիկխանան կեցած ըլլալով՝ տերության ալ մանածը ծախեր է․ ասանկ մարդուն գործ, ապրո՞ւստ, ապրուստի միջո՞ց կը պակսի։

Ըսել է որ Մեղուին խոսքը մտիկ ընեին ու սա մարդուն՝ դուն ասկե ետքը Պողոս ես ըսեին, այսչափ բարյաց պատճառ պիտի ըլլային, ազգն ալ այսչափ օգուտ պիտի քաղեր։

Հիմա վանցիներուն հարցունենք Պողոսը Պողոս վարդապետ մնալովը ինչ վնասներու պատճառ եղած ըլլալը։

Պատրիարքարանը այս հարցումը ընելու կարոտություն չունի. Պողոսին ասկե փախած օրեն մինչև հիմա ամեն ամիս մեկ մեկ բողոքո, աղաչանաց և հուսահատության հանրագիր կուգա Վանեն ի Պոլիս. այս հանրագիրերն ալ Մանզումեի և Օրագրի իրենց արդյունքը հրատարակելու հասկցնել տալու համար հրատարակած ստորագրությունք ստորագրությունով Սամաթիայեն վերջին թղթատարով եկած հանրագրությանցը չեն նմանիր։ Կրպոն ալ իր անունը դրած է անոնց տակը, Մըկոն ալ, Մկոյին լաճն ալ։

Սա վերջին օրերս հասած հանրագիր մալ կա եղեր Վանեն։ Պատրիարքարանը, աս ալ հիներուն կարգը չդնելով՝ մեյ մը աչքե անցնե, և մեր պաշտոնակից լրագրապետ աղբրտոց որ մեկն ալ կերայի, չկերայի կռիվները, որ մեկն ալ քյուֆյուրպազությունը քանի մը օր մեկդի դնեն ու սա հանրագիրը հրատարակեն նե՝ ազգն ալ կը հասկնա թե Պողոս աղբորը վրա տակավին երերացող սա մեկ վարդապետ բառը որչափ վնաս տված է Վասպուրական գավառին և հետևաբար ազգին

Գավառական հարստահարությանց հանձնաժողով էր, մասնաժողով էր ինչ էր, թե որ հարստահարող քյուրտերուն ցանկին գլուխը Պողոսը չանցնե՝ թող գիտնա, որ մեծ անիրավություն մը պիտի ըրած ըլլա այդ խեղճ քյուրտերուն և անդիի աշխարհ պիտի քաշե ապաշխարանքը։ Ահա մենք ըսինք, մեղքը մենե ելավ, մենք ալ մեղքեն, արյուն ձեր ի գլուխ ձեր և ի գլուխ Պատրիարքին՝ Սահմանադրության մեջ։