Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը բացվի և ահա դերասան մը քիչ մը բարձր ձայնով «կեցցե՛, մը կըսե. այս վրա ծափահարություն մէ կը փթթի, գլուխ ունիս նե կեցիր մտիկ ըրե. դերասանը կը չվարի՝ ըսածն ալ կը մոռնա, ըսելիքն ալ. վարագույրը կը գոցվի ծափահարությունը նորեն կսկսի։

Չենք գիտեր, որ գիշեր էր, երիտասարդ մը թատրոնեն դուրս է ելեր և ինքզինքը մոռնալով, ծափահարելով տուն կերթա եղեր, ոստիկանությունը ասոր դեմն ելնելով, խենդ է կարծեր և բանտ պիտի տանի եղեր, վերջեն իմացեր է, որ հիշյալ պարոնը խենդ չէ այլ զեվզեկ է եղեր, ասոր վրա թողտվեր է կըսեն։

Մենք ասոր չպիտի հավտայինք, եթե չտեսնեինք անցյալ շաբաթ պարոն մը, որ ծափ զարնելով թատրոն կը մտներ, չպիտի հավտայինք, եթե չտեսնեինք սրճարանի մը մեջ մեկը՝ որ Ժան տը Գալեի ազդր կարդացած ժամանակ ինքզինք մոռնալով ձեռքերը իրարու կը զարներ — ոմանք կարծեցին, որ կարսոնը կը կանչեր — չպիտի հավտայինք, եթե չտեսնեինք, որ ութսունամյա ծերունի մը վարագույրը գոցված ժամանակ ծափահարություն կորներ, երբ հարցվեցավ իրեն, թե ինչու՞ ծափ կը զարներ, սա պատասխանը տվավ. — ես ի՞նչ գիտնամ, ուրիշները կընեն կոր տեյի ես ալ կընեմ կոր, պատճառը անոնց հարցուցեք — չպիտի հավտայինք, եթե... է՛յ, ասոր վերջը չգար։

Ավելորդ է, ըսել, որ դերասանները առատորեն կը վարձատրվին ծափահարություններով — ստակով արդեն վարձատրված են — և ահա ասոր համար է որ միշտ զվարթ են։ Բայց այդ ծափահարությանը մեծ մասը տղայական բաներու համար են եղեր, հոգ չէ, բավական է որ ծափահարվին, բավական է որ վարձատրվին։

Ասով ըսել չենք ուզեր, որ դերասաններն ծափահարության արժանի չեն, քավ քեցի, մեր խոսքը հանդիսականներուն այս մասին ըրած շռայլությանը վրա ըլլալով, կուզենք ըսել, որ դերասան մը իր դերը աղեկ կատարած ըլլալուն համար խիստ քիչ անգամ կը ծափահարվի։

Այս անիրավության առջև Մեղու չկրնար լուռ մնաք, և կուզե ինք ալ երբեմն երբեմն ծափահարել դերասանները, եթե ծափահարության արժանի ըլլալու չափ աղեկ կատարեն իրենց դերը, բայց ասիկա իրենց նախանձը պիտի գրգռե եղեր, ան ալ Մեղուեն փույթը բայց Մեղուն պիտի ծափահարե, կամ չպիտի ծափահարե եղեր, աս ալ դերասաններուն փույթը չէ։