Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդը կայնած տեղը ինքիրեն կսկսի մոլտալ. «վա՜յ, կնկանս առջևը իս ոտտքի վրա կայներնե՞ն. ասկե ետքը աս կնիկը ինձի կը Հնազանդի՞ մի, ասկե ետքը ես աս կնիկր ուզած ատենս կրնա՞մ մի ծեծել»։

Կինն ալ նստած տեղը միտքեն կըսե «օ՜խ, հելե սա մարդը իմ դեմս Ժամերով ոտքի վրա կայնեցնել տվի ա՛»։

Փորձանք է յա՛. ըսինք որ Դատաստանական խորհուրդը երկու խոսքով, մեկ պահպանիչով, մեյ մալ յասախճի Ասատուր աղբորը վախովը ասոնք հաշտեցնելու ու այր և կին մեկեն իրենց տունը ղրկելու հաջողեցավ։

Առջի իրիկվան այր և կնոջ խոսքը պիտի ըլլա։

— Օ՛խ, իշտե անանկ քեզ ժամերով դեմս կայնեցնել կուտամ. իշտե գնա արժեքդ ճանչցիր, իշտե ես ուր որ երթամ նե՝ անանկ հրամմե նստե կըսեն, քեզ, կամ ներս չեն առներ կամ նստե չեն ըսեր, հիմա հասկցա՞ր, որ դուն ինձի արժանի չէիր։

— Կայնե, կայնե, ես մեյ մը վաղը չարչի ելլամ տե, անոնց կը սորվեցնեմ. քեզ փայլուն տեսան կարծեմ ու անոր համար քեզ նստեցուցին, մեյ մալ քու քովդ իս չախեն, հե՞ ... կայնե, վաղը նայե, ես ինչ կընեմ...։

— Ճըռդ....

Այս մարդն է եղեր կարծեմ, որ այն ճըռդին վրա ելեր բողոք մը շիներ, ու ամեն իր բարեկամներուն տանելով «աղբար, կնիկդ ձգեր ես եղեր, սա տեղր ստորագրություն մը դիր»։

— Չէ՛, ես կինս ձգած չեմ։

— Սխալ ըսի, ան քեզ ձգեր Է։

— Չէ՛, ան ալ իս ձգած չէ։

— Ուրեմն ձգելու միտք ունիս եղեր, սա տեղը անունդ գրե։

— Չէ՛, եղբայր, ես ձգելու միտք չունիմ։

— Ուրեմն ան քեզ ձգելու միտք ունի եղեր, սա տեղը անունդ դիր։

— Չէ՛, բարեկամ, ան ալ իս ձգելու միտք չունի։

— Եղբայր, իրար ձգեցեք, մի ձգեք, կուզեք նե մեյ մալ պսակվեցեք, որ ավելի հաստատ կերպով կապվիք, մինակ սա տեղը խաթերս համար ըլլա անունդ գրե, ըսելով իր բողոքին ներքև շատ մը ստորագրություններ դնել կուտա եղեր։