Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՐԳՄԱՆ ԿԱԶԻՆՈՃԻՆ

Հայ մը անցած օր կազինոյի մը մեջ նստեր լրագիր կը կարդար, ձեռքինը Արարատի 65 թիվ թերթն էր։ Տաճիկ մը եկավ մոտը նստավ ու սպասավորը կանչելով տաճկերեն լրագիր գտնվիլը հարցուց, ոչ պատասխանը ընդունելուն վրա ավելի մոտեցավ հալուն ու ըսավ։

— Կաղաչեմ ըսե ինձի, ատոր մեջը Հյուսնի փաշային փախչելուն պատմությունը կա՞։

— Այո՛, կա։

— Կաղաչեմ, կարելի է նե ինձի պատմեիր։

— Շատ լավ. Հյուսնի փաշային իմացուցեր են որ կայսերական հրամանով Սեն-ժան տԱքրի բերդը պիտի երթա։

— Ի՞նչ. Եվրոպա պիտի աքսորեն եղեր։

— Ոչ, Թյուրքիայի մեջ է այդ Սեն Ժան տ Աքրրը:

— Բայց աղի եվրոպական անուն է. թե որ այդ բերդը Տաճկաստանի մեջ է, պետք է որ տաճկերեն անուն մը ունենա. կամ տաճիկները ի հարկե բառ մը հատկացուցած ըլլալու են։

— Աքեա է, Աքեա, պոռաց անդիեն կազինոճին, որ ասոնց խոսակցությունը մտիկ կըներ։

— Հա՛հ, հիմա նայե հասկցա, ըսավ տաճիկը, բայց ինչու՞ մեր ամենուս գիտցած բառը չգործածեր այդ լրագրապետը ու ատոր ֆրանսերենը կը գործածե:

— Հավանական է որ տաճկերենը չէր գիտեր։

— Զարմանալի մարդիկ. լրագրապետ են Տաճկաստանի մեջ. ինչ է նե, առաջ երթանք։

— Արդ, երբ որ Կրետեեն ճամբա ելավ...

— Ո՞վ

— Հյուսնի փաշան։

— Բայց անի Կիպրոս աքսորված էր: