Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՐԱԳՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈԻԹՅԱՆ ՀԵՏԵՎՈԻԹՅՈԻՆԸ

Օրագիր իր անցյալ շաբաթ օրվան թերթովը երկար խորհրդածություններե ետքը տրամաբանական հավաքաբանությամբ, և ահավաքական եզրակացությամբ, կը հաստատե, թե բանաստեղծ մը քաղաքական իշխանության գլուխ չկրնար կենալ. հետևաբար Խրիմյան Հայրիկը Պատրիարք չկրնար ըլլալ։

Ասոր մարդ բան ըսելիք չունի. վասնզի զրուցողը տրամաբան Օրագիրն է և անի ոչինչ և անհարմար խոսքեր չըներ։ Օրագիր որ խոսի՝ համայն աշխարհ պետք է հավատա։

Միայն ուղիղ հետևությամբ պետք է որ սա ալ էվելցնենք։

Որովհետև բանաստեղծ մը Պատրիարք չկրնար ըլլալ ուրեմն Խորեն եպիսկոպոս ալ Պատրիարք չկրնար ըլլալ, որ Խրիմյանեն ավելի ճարտար քերթող և որուն բանաստեղծությանց վրա ֆրանսացի գրագետ տիկիններ ու օրիորդներ իսկ զմայլված ու սքանչացած են։

Ուրեմն, շնորհակալություն Օրագրին, որ Խորեն եպիսկոպոսը Պատրիարք կընտրվի տեյի վախցող մեկ քանի անձանց երկյուղը փարատեց, Խորեն եպիսկոպոսին ալ օր մը Պատրիարք ըլլալու հույսը ի դերև հանեց և սիրտերը հանդարտեցուր իր սքանչելի տրամաբանությամբ։

Հիմա Մասիսի գրաշար Հարությունը կելնե Խրիմյանի Պատրիարք ընտրված օրերը հրատարակված Օրագրի թերթերը ժողվել կսկսի. Աստված տար ու անոնք ալ պախալին ծախած ըլլար։