Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ՂԱԶԱՐՈՍ ՄԸ

Սուտ է այն խոսքը, որ կըսեն թե հրաշքի դարը անցած է, ասի պարզապես Աստված իր առջի ուժը չունի ըսել է, որուն շենք կրնար հավտալ։ Ամեն ատեն հրաշք կըլլա ահա ապացույցը։

Եթե հին ատենը Ղազարոսի մեռնիլն ու չորս օրեն ետքը հարություն առնելը հրաշք մըն էր, նվա՞զ հրաշք մէ արդյոք պարոն Խ․ Միսաքյանի մեռնիլն ու քսան ու չորս տարի ետքը հարություն առնելը։ Իրավ, կըսեին երբեմն,թե Բարիզի մեջ է, բայց ո՞վ հարցուցած փնտրած ուներ, ո՞վ գիտեր, ո՞վ հետը խոսած կամ տեսած կամ տեսնված էր։ Անցյալ ուրբաթ օրեն իվեր է, որ ոմանք տեսան զինքը քսան և չորս տարիեն ետքը և շատերը իմացան, թե հարություն առած և անոր ասոր երևցած է։ Մեռած ու կենդանացած ըլլալուն մեկ ապացույցն ալ սա է, որ իր կերպարանքը ամենևին փռխված չէ, մի՞տքը,— միտքը միշտ կենդանի է և իհարկե փոփոխություն կրած է, վասնզի երանելյաց աշխարհին մեջ ապրած է։

Կըսեն, թե առաջին Ղազարոս հարություն առնելեն ետքը ո՛չ խոսած է, ոչ խնդացած, բայց կը հուսանք, թե այս մեր նոր Ղազարոս իր նախորդին պես պիտի չընե. պիտի խոսի, պիտի խնդա, երանելյաց աշխարհեն մեզի լուրեր պիտի տա և մանավանդ պիտի ջանա, որ զմեզ երանելյաց աշխարհը առաջնորդե՝ մեկդի հրելով սա մեր անպիտան առաջնորդները, որ իրենց հետևելու անխելքությունն ընեինք նե՝ մինչև հիմա մեզ դատուց Արնավուտին դոգը տարած պիտի ըլլային։

Տեսնենք թե ազգր ի՞նչ ընդունելություն պիտի ընե այս ցնծալին. զոր երանելյաց աշխարհը բարեհաճեցավ ողջ առողջ և սրտով ու միտքով առույգ մեզի մատուցանելու։