Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սեղանս, մնայք բարյավ և դուք ո՜վ բազմոցս և բարձերս» այս խոսքերը անանկ մեկ սրտառուչ կերպով մը ըսավ, որ սենյակը, բազմոցը և բարձերը լալ սկսան, և արդարև ո՞ր սիրտ կրնար դիմանալ։ Այս խոսքերը արտասանելեն վերջը մտրակեց յուր կոշիկները և սկսավ վազել հոն՝ ուր յուր թշնամին պիտի սպաններ։

Վերջապես հասավ այն ժամը, որ այս քաջարի ըմբիշները դեմ առ դեմ պիտի բերեր։ Մանզումե և Օրագիր ճակատեցան իրարու, ո՜հ սոսկալի վայրկյան. այս միջոցին մուկ մը ասոնց մեջտեղեն անցավ անանկ արագությամբ, որ երկու դյուցազունները զարհուրեցան և քաջությամբ ետ ետ գնացին։

Հառաջ, մոտեցիր, գոչեց Մանզումեն երկու քայլ առնելով դեպի ետ։

Ասոր վրա Օրագիր հառաջ խաղաց և անզգուշությամբ Մանզումեին նասըրը ցավցուց։ Ա՛յ թշվառական, ասանկ կատակ կլլա՞ մի յա, գոչեց Մանզումեն, Օրագրին վրան հարձակվեցավ, քաշեց մեչքեն ուչխուրը, բանթոլը վար ինկավ, և անանկ հարված մը տվավ, որ բոլոր մուկերը ծակերնին փախան, հերկիր տապալեցավ Օրագիր, բայց շուտով կանգնելով իջուց յուր ֆեսը Մանզումեին գլխուն. Մանզումեն ետ ետ երթալով կռնակի վրա ինկավ. բրդավ բյուսկյուլն ալ։

Ամպակուտակն Արամազդ ի բարձանց երկնից սարսափով կը գիտեր այս արյունալի պատերազմը։ Աքիլլես նախանձեն կը ճաթեր: Աստվածներեն ոմանք կուզեին միջամտել, ոմանք չեզոքություն պահել կուզեին, բայց վերջապես Արամազդ ժողով գումարելով զից կարծիքը հարցուր։

Սոսկալի տարաձայնություն մը ծագեցավ անոնց մեջ. մեկ մասը «Օրագիրի մարմինը մեջտեղեն վերնալու է» կը պոռար, մյուս մասը՝ «Մանզումե գետնին տակն անցնի» կաղաղակեր, իսկ մեծագույն մասը «Երկուքին ալ Աստված պելան տա» կըսեր և խառնաշփոթ աղաղակներ կաճառը կը խռովեին, երբ հայր աստված շանթ ի ձեռին հոտս եկաց, և ըսավ «ո՜վ կաճառորդք, ինձի մտիկ ըրեք։

— Անմահ մը չկրնար անխտիր ըլլալ մահկանացուաց այս խեղճ վիճակին, ուստի առանց ձենե խորհուրդ հարցնելու որոշեցի Առտքինությունը զրկել, որ երթա զանոնք հաշտեցնե»։ Բայց որպեսզի Առաքինությունը կարենա զանոնք հաշտեցնել, պետք է որ կնկան կերպարանքով երևի անոնց, որովհետև կանայք իրենց փափուկ խոսքերովը կարող են քարե սիրտերն բամբակի դարձնել, որովհետև, կանայք շատ աղեկ խաբել գիտեն, վերջապես, որով-