Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միանգամայն խաբեցիք։ Եթե իրոք անգործադրելի է, ինչո՞ւ երդում ըրիք, եթե խղճիվ երդում ըրիք, ինչո՞ւ անգործադրելի է։

Սրբազան հայր, ձեր այդ խոսքովը, որ անուշադրությամբ բերանուդ փախած պիտի ըլլա, թե ի կրոնս մեղանչեցիք և թե ի հայրենիս, ուստի և պարտավոր եք կամ Խառն ժողովո առջև և կամ հարկ եղած ատյանի մը մեջ հետս կոչում մը ընել, որպեսզի գայթակղյալ մտքերը բժշկվին։

Կը փափագիմ, որ սխալած ըլլաք, կը փափագիմ, որ այդ խոսքը գիտությամբ ըրած չըլլաք, անոր համար կը փափագիմ, որ մարդուս սխալական ըլլալը գիտնաք և գոնե դուք ժողովուրդը հուզելու խոսքեր չընեք ձեր նախորդին վրայոք։

Թատրոնը ներող է, դուք ալ ներող եղիք։

Ընթերցո՛ղ, մանրամասնությանց մտնելուս պատճառը հասկըցար անշուշտ… մեկ կողմեն սրբազան նախագահը, մյուս կողմեն լրագիրները, ասոնց մեջ նաև Հույս ամսաթերթը, մեկ կողմեն երեսփոխանք ոմանք այսպես կիրքով վառված ըլլալով՝ երեսփոխանության մեջ ներդաշնակություն, միություն և եղբայրություն գոյացնելը անհնար եղած է, ամեն կողմե կիրքեն զատ ուրիշ բան չկա, երեսփոխանությունն այս վիճակին մեջ այն գործը կրնա տեսնել ինչ որ կիրքը կրնա։

Ժողովուրդը հերիք մտիկ ըրավ, հերիք համբերեց, ժողովուրդը երեսփոխանություն ընտրեց և ոչ կիրք, ժողովուրդը երեսփոխանություն կ’ուզե և ո՛չ կիրք, և աս իրեն նվիրական իրավունքն է։

Սրբազան հայր, դուք ժողովրդյան իրավանց գործադրիչն եք, և պետք է, որ այս կիրքը լուծեր ու ըստ Սահմանադրության (ոչ թե չորս քվեով) նոր երեսփոխանաց ընտրության ձեռնարկեր։

Այս մասին հաջորդ թվով նորեն պիտի խոսինը։

ԼՈՒԾՈՒՄ

<2>

Եվ ո՞վ կրնա ասոր բարիքներն ուրանալ։

Լուծումը կնճռալի խնդիրները կը պարզե։ Թվաբանական հաշիվները լուծումով կը պարզվին։ Քերականություն կարդացողները լուծումով միայն կրնան բառերու ինչ պաշտոն վարելը հասկնալ։

Լուծումը պարզություն է, և քանի որ այսօրվան օրս ամենքնիս ալ պարզություն կը քարոզենք գեղեցիկ սեռին, պետք է որ Ընդհանուր ժողովն ալ օրինակ ըլլա գեղեցիկ սեռին։

Երեսփոխանները Ազգային ժողովին մեյմեկ «մասունք բանի»ներն են,