Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կ’ընդունինք. բայց այս «մասունք բանի»ները քովե քով գալով նշանակություն մը, համաձայնություն մը չեն կրնար կոր գոյացնել։


Պատճառը սա է, որ նախ՝ շարադրության մեջ ուր կա ջնելու պարտավոր ըլլանին չեն գիտեր կոր. երկրորդ, ինքզինքնին կը կեղծեն կոր, օրինակի համար, Մակբայը ինքզինքը բայի տեղ կլլեցնել կ’ուզե, Շաղկապը ինքզինք անուն ծախել կ’ուզե կոր։


Ահավասիկ, այս խառնակության մեջ կը գտնվի երեսփոխանական շարադրություննիս, և այս շարադրութենեն բան մը հասկնալու համար զայն լուծել պետք է, և այս շարադրությունը լուծելու համար աղեկ քերականություն գիտցող մը պետք է։


Ամենապատիվ սրբազան Պատրիարքին համար քերականությունը շատ աղեկ գիտե կ’ըսեն։


Մենք փորձը տեսնել կ’ուզենք, որպեսզի համոզվինք։ Եթե նորին սրբազնությունը կարենա փորձով ցույց տալ քերականության մեջ ունեցած հաջողությունը, մենք ալ ան ատեն կը համոզվինք և կը խոստովանինք, թե նորին սրբազնությունը քերականության քաջ տեղյակ է, թե խոսքեն հառաջ գալիք հետևանաց մասին հեռատես է. սրատես է։


ՀԱՐՑՈՒՄ ՄԸ


Մեզ կը հարցնեն, թե երջանկահիշատակ և վաղամեռիկ Դուրյանի մահարձանին վրա ե՞րբ ոտանավոր պիտի գրվի։


Գրվի նե կ’իմացնենք։


ԽԵՅԱԼԻՆ ԽԵՅԱԼԸ


Այս թերթը, որուն առջի անունը Տիոժեն էր և որ երկու անգամ հայերեն տպագրությամբ երևնալով՝ երկու երեք թերթ հրատարակվելեն ետքը հայ հասարակութենեն գտած ընդունելության պատճառավ դադրեցավ, քանի մը ժամ անակե ի վեր Հակոբ էֆենտի Վարդովյանի դեմ լի կրյուք հոդվածներ կը հրատարակե։


Անցյալ շաբաթ, Վարդովյանին դեմ լի հայհոյությամբ հոդված մը հրատարակելով, թե Վարդովյան Հ. էֆենտին և թե Օսմանիե թատրոնն անպատվելու հանդգնած է։


Լսածնուս նայելով այս թերթին խմբագիրը Վարդովյան էֆենտիին թշնամիներեն երկու հայ ալ իրեն աջակից ունենալով թատրոն Օսմանիեն մեռցնելու փորձ կը փորձե։