Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տոնց ամենը մեկեն մեռցնելու... ասանկ ալ փափուկ և գթած սիրտ ունեցողին բնավ հանդիպած չունեինք։

Իսկ գիշերները այս կենդանյաց ձայնեն արթննալուն և քնատ մնալուն գալով, ըսելիք չունինք, և մանավանդ թե կը հավատանք Լա Թուրքիին այս խոստովանության, որովհետև ասանկ հոդված մը առջի գիշերվնե քնատ մնացող մարդ մը միայն կրնա գրել...


ՇԻՐՔԵԹԻ ԽԱՅՐԻԵԻ 6 ԹԻՎ ՇՈԳԵՆԱՎԻՆ ԹԵՆԹԵԻՆ ԿՈՂՄԵ ՄԵՋ

ՈԻՂՂՎԱԾ ԱՂԵՐՍԱԳԻՐ ՄԸ

«Ստորագրյալս, որ Անգղիո գործարանաց վաճառքներեն եմ, Շիրքեթի Խայրիեի¹ կազմվելեն քանի մը տարի առաջ անոր հիմնադրած տունը բակի լաթի ծառայությունը ամենայն հնազանդությամբ կատարելեն ետքը, ամենևին պակասություն մը ըրած չեմ։ Հիշյալ ընկերութեան հաստատության ատեն ծառանուդ նման շատեր իրար կտրելով և մեջ տեղերնուս ծակելով 1 թիվ շոգենավին թենթե ըրին։ Հինգ տարիի չափ հիշյալ շոգենավին մեջ ծառայելն վերջը զիս դարձունելով 2 թիվ շոգենավին անցուցին։ Այս ջոգենավին մեջ ալ երկար ատեն անձրևին, ձյունին և արևուն կուրծք տալե վերջը, ի վարձատրություն իմ աշխատությանս գլուխս ոտք և ոտքս գլուխ ընելով 4 թիվ շոգենավին անցուցին. բայց ծառանիդ մինչև հիմա կրած նեղութենես հյուծյալ՝ ա՛լ դիմանալու կարողություն չունենալուս և բարակնալով, բարակնալով Օրագրո թղթին դառնալուս, զիս շոգենավեն հանեցին և կտոր կտոր ընելով նորեն թենթե ըլլալու համար Ենի ճամիի մեջ գտնված բազարճիներուն ծախեցին. անոնք ալ չհավնելով երբ ետ տվին, զմեզ իրար կտրելով հիշյալ ընկերության 6 թիվ շոգենավին թենթե ըրին։ Արդ, մեզի պես քսան երեսուն տարվան աշխատավորի մը այսչափ անողորմություն ընել բնավ մարդկության վայել չըլլալը և ինչպես որ արդեն ալ գրած Էիք մեր այս ծակոտավոր վիճակը մարդկային սեռին ալ երբեմն վնասներ հասցնելը, այսինքն ծնելիք տղայոց մայրերուն ինձ նայելնուն համար ծնած տղայոց գլխուն ծակ ծակ ըլլալն ալ ձեզ հայտնի ըլլալով, կաղաչեմ ձեր արդարասիրության, որ բարեհաճիք զիս այս գերության վիճակեն արատելու մասին ձեր բարձր օժանդակությունը չզլանալ առ հիշյալ ընկերությանը։

Որո վասն մնամ ձերն արդարասիրության կանխավ երախտագետ և ամենախոնարհ աղոթող։

Թենթև