Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լռություն պահեր են, եթե քանի մը լրագիրը իրենց շահուն չվնասելու համար մինչև այսօր լռություն կը պահեն, ձեր դեմն այսօր Թատրոն մը կա, որ հրապարակի վրա ճշմարտության դեմ խոսելեն զատ բանե մը չվախնար, որ ինքզինք ժողովրդյան նվիրած է. ձեր դեմն այսօր Թատրոն մը կա, որ հանուն ժողովրդյան կը հարցունե ձեզ, թե ի՞նչ իրավունքով կը նախատեք դուք երեսփոխան մը որ Ընդհամնուր ժողովին մեջ ձեզի համապատիվ է, և որ ան ալ քեզի պես ժողովրդեն ընտրված է։ Կը կրկնեմ հարցումս, վսեմափայլ պեյ, ո՞վ տվավ ձեզի այդ իշխանությունը, դուք ձեր ծառան անգամ այնպես նախատելու իրավունք չունիք, ուր մնաց ազգային երեսփոխան մը։ Ինչո՞ւ համար ձեր ծառան երեսփոխանե մը ավելի հարգ ունենա, ինչո՞ւ համար ըսվի, թե լավ է Հարություն պեյի ծառայել, քան թե ազգին:


Դուք տասը տարի Բարիզ կեցած եք եղեր և ասոր համար կուզեք, որ ժողովրդյան Ընդհանուր ժողովին ներկա գտնվիլն շնորհ համարվի. եթե տասը տարի Բարիզ կենալն բավական է իրավունքն շնորհ ընել, Իփեքճյան էֆենտին ալ Բարիզ ղրկենք թո՛ղ տասը տարի ալ ան մնա Բարիզ և շնորհքն իրավունք ըլլա։ Ի՞նչ կը խոսիք, վսեմափայլ պեյ, ճամբորդությունն ինչ վերաբերություն ունի իրավանց և պարտուց հետ։ Բայց, խնդիրը հոն չէ, գիտեմ ես, հարուստներն միշտ իբրև շնորհ կուտան ուրիշներուն ինչ որ իրավունք է…


Թողլով այժմ իրավունքի և շնորհի խնդիրն, որուն վրա արդեն խոսած ենք և նորեն պիտի խոսինք ուրիշ անգամ, կը հարցունենք վսեմափայլ պեյին, թե ճամբորդութենե զատ ուրիշ փաստ չունե՞ր Իփեքճյանն համոզելու, սրամտութենե զատ ուրիշ ձև մը չունե՞ր խոսելու, անարգելեն զատ ուրիշ եղանակ չուներ վարվելու։


Հանուն ժողովրդյան նվիրական իրավանց, զոր պաշտպաննլու պարտավոր են երեսփոխաններն, կը հարցունենք երեսփոխան էֆենտիներու, թե ատենապետ մը իրավունք ունի այնպես վարվելու երեսփոխանի մը հետ, ով որ ըլլա այդ երեսփոխանը, կուզե Իփեքճյան ըլլա, կուզե Բամուքճյան. եթե չունի, ինչո՞ւ համար լռություն պահեր են։ Երբոր ժողովուրդեն մեկն երեսփոխանի մը դեմ հարձակի, զայն զապթիե կուտան, իսկ երբ ազնվական մը երեսփոխան մը կը նախատե, ինչո՞ւ լուռ կը կենան, խղճալի ժողովո՜ւրդ, երջանիկ ազնվականություն…․


Մեր երեսփոխան էֆենտիներր կրնա՞ն ապահով ըլլալ, որ