Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց, տեսնենք Կրոնական ժողովն ի՞նչ պիտի պատասխանե այս առաջարկության։ Պիտի ընդունի՞. ով գիտե։ Պիտի մերժե՞. հավանական Է։


Կրոնական ժողովն, որ միշտ բնության օրինաց համեմատ վճիռներ կ’արձակէ, չենք կարծեր, որ Ուսումնական խորհրդո այս առաջարկությունն ընդունի, բայց չենք ալ կարծեր, որ աղաղոց դաս երնեն ետ մնալն ալ ուզե, ուստի քանի որ երկուքն ալ չենք կարծեր և իբրև խմբագիր բան մը կարծելու պարտավոր ենք, կը կարծենք, որ անանկ որոշում մը պիտի տա որ, թե՛ տղայք ննջեցյալներու երթան և թե դասերնեն ետ չմնան։


- Ատ ի՞նչպես կ’ըլլա։


Պաշտոնական ծանուցումով կը պատվիրե հիվանդներուն, որ ակռանին սխմեն ու տղայոց դաս առած միջոցին չմեռնին։ Եթե այս պատվերն բնականին դեմ ըլլա՝ վարժապետներուն կը հրամայե, որ հիվանդ մը մեռած միջոցին դասարաններու մեջ աշակերտ չգտնվի. չէ՞ մի որ տղայք դասարանեն ելնելուն համար դասերնեն ետ կը մնան կոր։


Մենք կը կարծենք, հակամայից կը կարծենք, որ Կրոնական ժողովն այսպես պիտի վարվի և Ուսումնական խորհրդո աս քայլին առջև քար մը պիտի դնե։


Մենք առայժմ կարծելով կը շատանանք, և շատանալով Կրոնական ժողովին պատասխանին կ’ սպասենք, և սպասելով Ուսումնական խորհրդույն այս քայլը կը շնորհավորենք։


Շնորհավոր քայլ և բարի Ուսումնական խորհուրդ. Աստված շատ տարիներու հասցնե։


ՇՆՈՐՀ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդեն հազար ապացույցներով հաստատված էր սա ճշմարտությունը, թե ինչ որ իրավունք է Սահմանադրության մեջ, շնորհ կ’ըլլա միապետության մեջ: Վսեմափայլ Հարություն պեյն ալ Ընդհանուր ժողովո վերջին նիստին մեջ այս ճշմարտությունը հաստատելու ձանձրությունը վրան առած ըլլալով՝ ապացույցները հազար մեկի հաներ։


Ժողովրդյան՝ իր փոխանորդին, այսինքն իր ընտրած ժողովին ներկա գտնվելու իրավունք ունենալն ամեն տեղ, ամեն ատեն հաստատված է, փաստ մը չկա, որ չընդունի այս ճշմարտությունը։