Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չորս գիշերները վարձող խմբեն հանեց և հիմա ինք ալ կելնե կոր, որովհետև, ամառը թատրոնը նստի ի՞նչ ընե մարդը։

Կալվածոց հոգաբարձությունը գիտնալու էր, որ թատրոն վարձողները ձմեռվան համար կը վարձեն, ինչպես որ գեղի տուն վարձողներն ալ ամառվան համար։ Եթե ասիկա գիտնար ու Մաղաքյանեն չխաբվեր ամառ ատեն թատրոնր նորեն վարձու տալու և ազգին վնաս տալու չէր ստիպվեր, որովհետև ամառ ատեն թատրոն վարձու դնել ելնելը ձմեռվան սաստկաշունչ ցուրտեն՝ կղզին և կամ ուրիշ գեղ մը տուն վարձու դնելեն մազի չափ տարբերություն չունի։

Կալվածոց հոգաբարձությունը գիտնալու էր, որ պարոն Մաղաքյանի հետ ըրած պայմանադրությամբ միայն ձմեռվան վեց ամսույն համար վեց հարյուր և թերևս յոթը հարյուր ոսկիի ալ վարձող կը գտնվեր³։

Իսկ պարոն Մաղաքյանին ազգին մատուցած այս վերջին ծառայությանը համար դարձյալ շնորհակալռւթյուննիս կը հայտնենք։


ԵՐԱԽԱ ՊԱՏՐԻԱՐՔ

Զգուշությո՛ւն, պարոն խմբագիրներ, զգուշությո՜ւն։ Ընդհանուր ժողովին¹ քովեն անցած ատեննիդ վախցնելու բաներ մընեք, և թե որ քովերնիդ անուշահոտ յուղեր ունիք մեկդի նետեցեք Ընդհանուր ժողովին քովեն անցած ատեննիդ.․.

— Ինչո՞ւ...

— Կավետեմ ձեզ, պարոնայք, Ընդհանուր ժողովնիս հղի է։

— Ի՞նչ պիտի ծնանի։

— Բ. Դռնեն² հրաման եկել է, որ Պատրիարք մը ծնանի:

Պարենք, խնդանք, հայեր, քիչ օրեն երախա պատրիարք մը պիտի ունենանք. թե որ Ընդհան ուր ժողովը իր վաղեմի սովորության համեմատ երկվորյակ ծնի³, երկուքեն որն որ առաջ լույս տեսած է նե ան պիտի ըլլա մեր զավակը։

Անդրանկության իրավունքը արգանդին մեջ իսկ կը հարգվի։

Իմ կարծիքս ան է, Ընդհանուր ժողովնիս այս անգամ երկվորյակ պիտի ծնի, արովհետև շատ ցավ կը քաշե կոր, մանուկներն խայտացին և որովայնին մեջ դեռ կը խայտան և կը կռվին անդրանկության համար։

Ի՞նչ պիտի դնենք առոնց անունը։