Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ աշխարհ չեկած պարտավոր էին պետք եղած միջոցներն ձեռք առնել իրավունքնին վայելելու համար…։


Եթե Ռուսինյան էֆենտիին առաջնորդությամբ քիչ մ՝ալ երթա ընդհանուր ժողովն, քիչ օրեն պիտի տեսնենք, որ ժողովն ամիրայից ժողով է, դրությունն ալ ամիրայապետություն, և թե մի միայն ժողովուրդը խաբելու համար երեսփոխանություն անունը կուտան կոր անոր։


Զարմանալի սկզբունք․ ժողովուրդն ընտրե երեսփոխաններն և երեսփոխանը իրենց բարեկամները միայն հրավիրեն։


Աիրելու համար աղջիկ մը ընտրեմ ես, և այս աղջիկն իր բարեկամը հրավիրե հարսնիքին ու զիս ներս չառնե, զիս՝ որ անոր ընտրողն եմ, սակայն բարեկամը չեմ։

Քալե նե՝ աղեկ։

Վաղն ալ պիտի խոսինք այս խնդրույն վրա։

ԽՈՍՔԸ «ԹԱՏՐՈՆԻՆՆ» է

Այո՛, խոսքը մերն է, որովհետև երեկվնե խոսք ուզած էինք։

Խոսելիքնիս շնորհ և իրավունք բառերու վրա է. այո՛, այս բառերուն վրա պիտի խոսինք և խնդրույն խորերը մտնալով՝ անոր հիմը պիտի գտնենք, և երեսփոխանաց իրենց ծանոթներն հրավիրել կրնալեն պիտի հաստատենք, որ ժողովուրդն իրավունք ունի երեսփոխանական նիստերուն ներկա գտնվելու։

Արդ, սկսինք խնդրույն խորը երթալ, հրավիրենք նաև Ռուսինյան էֆենտին, որ մեզ հետևի։

Ռուսինյան էֆենտին կըսե, թե երեսփոխան մը տոմսակով իր բարեկամն ու ծանոթն կրնա հրավիրել։

Շատ աղեկ. այն, որ իր բարեկամն կամ մեկ ծանոթն տեղ մը կրնա հրավիրել, ըսել կ’ըլլա, որ հրավիրելու իրավունք ունի, որովհետև ես չեմ կրնար ուրիշի մը տունը մարդ հրավիրել, ինչպես որ ուրիշ մ’ալ չկրնար իմ տունս մարդ հրավիրել։ Ասիկա այնչափ հայտնի ճշմարտություն մ’է, որ Ռուսինյան էֆենտին անգամ չկրնար այս ճշմարտության դեմ համառիլ։

Ըսինք, որ երեսփոխան մը իրավունք ունի իր բարեկամն տոմսակով ներս ընդունիլ. հիմա հարցունենք, ո՞ր երեսփոխանն, ուսկից առած է այդ իրավունքը։

Երեսփոխանական ժողովն երեսփոխանի մը ստացվա՞ծքն է։ Ո՛չ։ Հորմե՞ն ժառանգած է։ Ո՛չ։ Մորմե՞ն ժառանգած է։ Ո՛չ։