Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց խոսքերնիս վերջացունենք, որովհետև գալիք անձին վրա շատ խոսվի նե՝ բարկությամբ կուգա կըսեն և մենք մեղմ մեկու մը պետք ունինք։

Սպասենք ուրեմն, որ գա ու վերջը խոսինք։


ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈԻՅՆ ՄԱՅՐԸ

Ինչպես ծանուցած Էինք¹, անցյալ հինգշաբթի գիշեր Վարդովյան Էֆենտիի խումբը Օրթագյուղի թատրոնին մեջ ի նպաստ գեղին դպրոցին «Դատապարտելույն մայրը»² անուն թատրերգությունը ներկայացուց անձնանվիրաբար, կամ լավ ևս ըսել ձրիաբար մեռցուց։

Թատրերգության լեզուն, որ սահուն ու դյուրաթավալ էր, դերասանը ոմանց բերնին մեջ թավալգլոր եղավ։

Բացի ասկից, դերասանուհիին մեկն ալ, փորձի ժամանակ իր ընկերին տալիք հրահանգը ներկայացման ատեն տալուն համար կարծես թե այս խաղը ավելի փորձ կըլլար, քան թե կը ներկայացվեր։

Այս ամենը կրնային ներելի ըլլալ, եթե թատրերգության պահանջած տեսարանները բացվեին և չպահանջած տեսարանները չբացվեին։ Օրինակի համար, վերջին արարվածին մեջ ծով բացվելու տեղ սենյակ բացվեցավ. վառոդով լի մառան մը պիտի պայթեր ու չարագործն պիտի կորսվեր. եկո՞ւր տե՛ս, որ ո՛չ վառող կար և ո՛չ մառան․ դերասանը տեսնելով, որ իր մահվանը համար պատրաստված բան մը չկա, ինքզինքը մեռցուց (խաղին հետ մեկտեղ) ու անձնասպանության ու մարդասպանության ոճիրներ գործեց։

Ի՞նչ եղած էր ուրեմն թատրոնի վարագույրներուն։

Ինչ պիտի ըլլա, անձնվերն Մաղաքյան էֆենտի զանոնք Արևելյան թատրոնը տարեր է եղեր։

Թաղային խորհուրդը՝ որուն վրա է հիմա թատրոնին տնօրենությունը, խումբ մը հրավիրած ատեն պարտավոր էր պետք եղած վարագույրները բերել տալ և կամ գոնե քանի մը օր առաջ Վարդովյան էֆենտիին իմաց տալ, որպեսզի կամ վարագույր բերե (եթե կարելի է) և կամ գտնված վարագույրներուն համաձայն ներկայացում մը տա։

Կը վերջացնենք ըսելիքնիս և կը փափագինք, որ Վարդովյան էֆենտիի խումբր իրեն մեռուցած այս թատրերգությունը գալ տարի դարձյալ նայն թատրոնին մեջ վերակենդանացնե։