Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Չտան նե՝ ընկալագիր մը գրե, բաժանորդ ըրե։

- Չըլլան նե՞։

- Համոզե։

- Չհամոզվի՞ նե։

- Երկար ըրիր ալ, չհամոզվի նե՝ ան ատեն ուրիշ միջոց կը խորհինք։

ՆՈՐ ՄՏՄՏՈՒՔ Մ’ԱԼ

Մինչև հիմա լրագիրներուն ամենօրյա մտմտուքն էր տպարանը, գրաշարները, տպագրիչը, թղթավաճառը, ցրվիչը, գրասենյակը, գրագիրներն ու օգնական խմբագիրներն, որով կարևորություն չէր մնար լրագրաց խմբագիրներուն հագուստին, հացին և այլն։

Հիմա դրոշմը, ուզելով այս մտմտուքներուն օգնության հասնելով, ասոնց թիվն ավելցնել, ինքն ալ վրա հասավ. այսօր շարժական նշխարով և վաղը ամսական դրոշմով. լրագիրներուն աչքը լույս։

Երբ այս նոր մտմտուքը վրա կը հասնի՝ հարկ կ’ըլլա ուրեմն, որ լրագիրներն իրենց հասույթը մատակարարելու եղանակին վրա խորհին. Թատրոն ահավասիկ իր տնտեսական Վիճակը կը կարգադրէ. մյուսներն ալ հարկավ կը կարգադրեն։

Թատրոնի 150 թվոց գինն է 4 արծաթ մեճիտ, որն որ մեճիտր 24 ղուրուշեն հաշվելով՝ 96 ղուրուշ կ’ընե։

Ասոր մեջեն 12 ղուրուշը թղթավաճառին հանելուկ կը մնա անգին 84 ղուրուշ։ Այս 84-են 10 ղուրուշ ալ ցրվիչին բաժին հանելով՝ կը մնա 74։ Տպարանի, գրաշարներու և տպագրիչին ալ 40 ղուրուշ հանելով կը մնա 34. ուսկից 30 ղուրուշ ալ գրագիրներուն ու օգնական խմբագիրներուն թողլով՝ մնաց 4 ղուրուշ. և այս 4 ղուրուշն ալ գրասենյակի վարձք սեպելով կը մնա անգին ահագին զրո մը։ Մինչդեռ Թատրոնի հրատարակության մեջ այս զրոյով կը պարծենայինք, հոգ չընելով մեր հացն ու ջուրը, և ահա այդ զրոն ալ կը համբառնա։

Զարմ անալին այն է, որ մաքսատունը զրոն չընդունիր կոր. ճերմակ ստակ կ’ուզե կոր. ամեն մեկ բաժանորդին վճարած 96 ղուրուշեն 9 ղուրուշը կամ 80 ղուրուշեն 7 1|2֊ը կը պահանջն կոր. թե որ ցրվիչին պահանջքը խորենք և դրոշմին տանք՝ ցրվիչը չբարեհաճիր զրոն ընդունելու. թե որ տպադրիչինը խորենք, թերթը