Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նորին սրբազնության վրսւյոք եղած ամբաստանություններն, ինչպես հայտնի է ընթերցողաց, քաղաքական, կրոնական, ազգային, առևտրական ու բանասիրական էին, լուրջ լրագրի մը ճակատը որքան որ բառ կանե այնքան ամբաստանություններ կային նորին սրբազնության ճակտին վրա. ասոնց ամենը մեկեն սրբելն անշուշտ շատ ժամանակի կարոտ էր։

Մեր առած տեղեկությանց նայելով նորին սրբազնությունն, ինչպես որ սովորություն է կրոնապես արդարացած է...։ Արդարանքն որպես զարմավենիս ծաղկեսցին, որպես զմայրսն Լիբանանու բազումը եղիցին։ Եվ մեր կրոնական սուրբ հայրերն ալ արդարները շատցունելու համար առջևնին ելած ամբաստանյալ կրռնավորներն կարդարացունեն կոր։

Քաղաքականապես արդարացած կամ դատապարտված ըլլալն ոչ ոք գիտե տակավին բացի նորին սրբազնութենե։

Այս մասին Վարչությունն Բ. Դռան հարցում մը ըրած է սա կերպով, թե Դուռը ութը տարիե ետքը մարդասպան կը ճանչնա՞ նորին սրբազնությունը։

Այս հարցումն ընելու ամենևին պետք չկար. այն մարդն, որ ութը տարի առաջ մարդ մը սպաննած է նե ութը տարի ետքը մարդ սպաննած չըսար՝ անմեղ, բարեսիրտ ու խղճահար մարդ կը դառնա, ասիկա ընդհանուր օրենք մէ, և այս է պատճառը, որ շատ մը մարդիկ արդարանալու համար միշտ ութը տարի առաջ մարդ կսպաննեն..., քալե', երթանք ընթերցող, կանգ չառնենք մահու խնդրույն առջև, որովհ ետև մենք խնդալու պաշտոնն ստանձնած ըլլալով մահվան հետ գործ չունինք։

Արդ, երկու խոսքով ըսենք, որ նորին սրբազնությունն քաղաքականապես ալ պիտի արդարացվի, այո', պիտի արդարանա, անպատճառ պիտի արդարանա, ինչու որ արդարներու պետք ունխնք, բացի ասկից, Աղթամարա ժողովուրդն ալ որոշեր է եղեր, որ այդ մարդն արդար ըլլա. անդին ի՞նչ մնաց, ձայն բազմաց ձայն Աստծո։

Ազգային, առևտրական ու բանասիրական ամբաստանությանց գալով, այդ ամբաստանությունն երն ալ իրենցմե մեծ ամբաստանություններուն նայելուց իրարու ետևե կ'արդարանան, որովհետև, ընթերցող, ամբաստանություն ըսածդ ոչխարի կը նմանի, մեկը անցնելուն պես ամենքն ալ կանցնին....

Ահավասիկ, ընթերցո՞ղ, այսօրվան համար քեզի այսչափ տեղեկություն տվի այս խնդրույն վրա, ուրիշ օր մը նորեն կուգամ այս խնդրույն վյրայոք տեղևկություններ տալու։