Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁ

Չեմ կրցած հասկնալ, թե ի՞նչպես կըլլա, որ նախանձ բառն յուր առջևը բարի բառն ունենալուն պես իր բուն նշանակութեան հակառակ նշանակությունը կունենա, որովհետև չեմ կրցած համոզվիլ, որ չար մարդ մը բարի մարդու մը ետևեն երթալուն համար բարի մարդ ըլլա, ինչպես որ և ոչ մեկը կը հավատա, երբ ըսեն, թե այս կնիկը էրիկ մարդ է, որովհետև իրմե առաջ էրիկ մարդ մը կերթա։

Եթե բարի ածական մը չար գոյականի մը վրա դրվելուն պես այդ գոյականը բարի կըլլա, առանց ժամանակ կորսնցնելու ես ալ կըսեմ, բարի գողություն, բարի սպանություն, բարի որկրամոլություն և այլն. և ասանկով բոլոր չարությունները կարդարացնեմ։

Այս նախանձ բառին վրա խորհրդածություն ընելն իրավ պարապ բան և թերևս իմաստակություն կը համարվեր, եթե գերապատիվ Խորեն եպիսկոպոսին՝ Միլան իշխանին ըրած այցելությունը այդ նախանձին չտային։

Կըսվի, թե գերապատիվ Խորեն եպիսկոպոսը բարի նախանձու տեր մեկն է և թե ուրիշի մը աղեկ գործին միշտ կը հետևի։

Նորին սրբազնությունն իր բանաստեղծությանց աղեկ կտորներուն եթե հետևող ունի, ինքն ալ սրբազան Պատրիարքին գործքերուն հետևող է։

Օրինակի համար, ամենապատիվ սրբազան Պատրիարք հայրը Միլան իշխանին այցելություն մը ըրավ. գերապատիվ Խորեն եպիսկոպոսը բարի նախանձով վառյալ՝ «Ատիկա դժվար բա՞ն մէ, ատի ես ալ կընեմ» ըսելով ելավ այցելություն մալ ինք ըրավ. և ատով ըսել ուզեց թե՝ ինք ալ կրնա սրբազան Պատրիարքին ըրածն ընել¹։ Անցյալ օր սրբազան Պատրիարքը Պեշիկթաշի գերեզմանատունը աչքե անցուցեր է. կըսվի, թե գերապատիվ Խորեն եպիսկոպոսն ալ աչքե անցուցեր է՝ նորեն ապացուցանելով թե ինք ալ կրնա Ներսես եպիսկոպոսին չափ և պես գործել։

Եվ ասոր բարի նախանձ կըսեն եղեր։

Ինձի գալով՝ ես այդ նախանձին համակարծիք չեմ, նետևապես կը կրկնեմ վերի ըսածս ու կը գրեմ։

Չեմ կրցած համոզվիլ, որ և այլն, և այլն:

Հոդվածիս առաջին հատվածը ամբողջ կարդա՞: