Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵԼԵԿՐԱՖԻ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԲԺԻՇԿ ՄԸ

Կատակերգություն մեկ արարքով

Անձինք

Ա․ ․․․․․․ բժիշկ

Բ․ ․․․․․․ հիվանդ

Գ. .....․ հիվանդին բարեկամը

(Թատրոնը կը ներկայացնե Բ..ին տանը մեջ պզտիկ սենյակ մը

Բ․.. անկողնո մեջ կը պառկի

Գ... անկողինին քովը կը նստի)


ՏԵՍԻԼ ԱՌԱՋԻՆ

Բ... Գ...

Գ. Ի՞նչ ունիք, բարեկամ։

Բ. Իրավ որ չգիտեմ, չորս հինգ ամիսե իվեր տնկողին ինկա և հիվանդությանս ինչ ըլլալը տակավին չկրցի հասկնալ։

Գ. Ի՞նչ կզգաք կոր։

Բ. Ոսկորներս կը ցավին կոր. կարծես թե օմնիպյուս նստեր Բերա գացեր եմ։

Գ. Բժիշկ մը բերել չտվի՞ր։

Բ. Ուլահեն վարպետ բժիշկ մը եկեր է. ան բերել կուտամ կոր. ողջ ըլլա, կանչելուս պես կուգա կոր մարդը, և մինչև որ գնա չեմ ըսեր կոր նե՝ չերթար կոր։

Գ․ Հիվանդությանդ համար ինչ կըսե կոր։

Բ․ Հիվանդությանս համար կըսե կոր որ, ինքը Ուլահ թելեկրաֆի պաշտոնյա է եղեր, թե ելեքտրականությունը աղեկ բան է եղեր, թե թելեկրաֆը ելեքտրականութենե ու մագնիսականութենե կելնե եղեր, թե հիվանդությունս վտանգավոր չէ եղեր։

Գ. Հիվանդությանդ ասկից գալը չը՞սեր կոր։

Բ. Ինքը Ուլահեն եկած է. բայց հիվանդության ուսկից գալը չըսեր կոր: Ինքը բարի տղա մ՛է, տեսնես նե հիվանդ ըլլալդ կուգա... կուզես նե նստե, ուր որ է նե հիմա կուգա... կարծեմ դուռն է.․․ ան ըլլալու է... ահավասիկ վեր կելնե....