Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ. Հրամմեցե՛ք, պարոն բժիշկ։ Ի՞նչպես եք, աղեկ եք։

Ա․ Փառք Աստուծո, շատ աղեկ եմ, հրամանքնիդ ի՞նչպես եք այսօր։

Գ․ Ներեցե՛ք, պարոն բժիշկ, արդյոք կրնա՞մ հրամանոցդ հարցունել, թե ինչ Է մեր բարեկամին հիվանդությունը։

Ա․ Մեր բարեկամին հիվանդության ինչ ըլլալր հասկնալու համար, մարդս պետք Է նախ բնական գիտություն սորվի: Օրինակի համար, մագնիսականություն կա, ելեքտրականություն կա, ձգողական և վանողական զորություններ կան, և այս ամենուն շնորհիվն Է, որ թելեկրաֆը գտնված Է, և թելեկրաֆն այսօրվան օրս անանկ բան մԷ, որ մեկ րոպեի մեջ մարդս Լոնտրայեն կրնա լուր առնել, հետևապես հիվանդությունը ծանր բան մը չէ։

Գ․ Բայց ի՞նչ բանե կուգա այս հիվանդությունը։

Ա․ Թելեկրաֆին գյուտը ամեն մարդու զարմանքը կը գրավե. Ուլահ եղած ատենս շատերը կը զարմանային ինձի, ելեքտրականություն կը գոյացնեի։

Գ․ Բարեկամնուս հիվանդությունը ելեքտրականությո՞ւն է։

Ա․ Շատ հավանական է, որ էլեքտրականութենե պատճառած ըլլա. ասոր համար զինք պիտի ելեքտրականացնեմ, որ քիչ մը ցնցմի ու ջիղերը կազդուրին։

Գ․ Հրամանքնիդ բժշկությունը ո՞ւր սորված եք։

Ա․ Ուլահ գտնված ատենս թելեկրաֆի պաշտոնյա էի. շատ բժիշկներու հետ տեսնվելով, մեկեն ի մեկ կարծես թե բժիշկ եղա. բժշկության արվեստը գրեթե ինքնիրմես սորվեցա։

Գ․ Մարդ ինքնիրմե կրնա՞ բժիշկ ըլլալ։

Ա․ Ինքնիրմե հիվանդ կրնա ըլլալ նե՝ բժիշկ ինչո՞ւ չպիտի կրնա ըլլալ։ Մնաք բարով, ես վաղը կուգամ: (Կերթա):


ՏԵՍԻԼ Գ.

Բ. Գ․

Բ. Ի՞նչպես է բժիշկնիս։

Գ. Գեշ չէ. թե որ թելեկրաֆի պաշտոնյա ըլլալ կուզեա նե այս բժիշկը թող մի տար, թե որ ըռնտնալ կուզես նե ուրիշ մը կանչե։ Մնաք բարով։