Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ․ Երթաք բարով. (Գ․ կերթա). ըսածը ճշմարիտ է, մինչև հիմա տված ստակովնիս ելեքտրականութենե ուրիշ բան մը չսորվեցանք։ Ուրիշ մը կանչենք քիչ մալ տարրաբանություն սորվինք, և սա հիվանդության առթիվ գոնե քանի մը գիտություններ ձեռք բերենք։ Անկից ետքը տղաս ալ հիվնդցնեմ, որ աս գիտություններն ան ալ սորվի, որովհետև դպրոցին մեջ բան մալ սորվելիք չունի։

Վարագույրը կիջնա)


ՄՅՈԻՐՅՈԻՎՎԵԹ ԺՈՐԺ ՏԵՐՏԵՐՈՖ

Առ քեզի երեք անուն։

Լրագրին անունը տաճկերեն, լրագրին խմբագիրը գաղղիացի, խմբագրին հայրը հայ և միանգամայն քահանա։

Եթե պարոն Գեորգը իրավ գաղղիացի է և անոր համար անունը Ժորժ դրած է, ըսելիք չունինք, իսկ եթե հայ է և թեթև երիտասարդաց ոմանց հաճելի ըլլալու համար հայ անունը վրայեն կը նետե ու ինքզինք Ժորժ կանվանե, ըսելիք անինք, որովհետև թեթևության վրա ըսելիքնիս դեռ լմնցուցած չենք։

Ժորժ Տերտե՜րո՜ֆ...

Ճիշտ ըսելու պես. Ահմետ Փափազոֆ կամ Խրիսթո Իմամոֆ:

Օ՜ֆ, о՜ֆ։

Ո՛հ, իմ սիրուն Ժորժիկս, պարոնիկ Ժորժիկս. ինչո՞ւ համար Գևորգ անունը չես գործածեր իմ անուշիկ Ժորժիկս. արտասանությունը ականջիդ անուշ չգալո՞ւն համար Գեորգը ժորժի փոխեցիր։

Չես կրնար երևակայել պարոն Ժորժիկ, թե որչափ ցավ զգացի ձեր ժորժության այս անվանական կրոնափոխության վրա, որովհետև, մեկ կողմեն հասարակութեան մեջ մուտ գտած այս մոլությունը ծաղրած ատենս, մյուս կողմեն ձեր թերթին մեջ նույն մոլության անձնավորությունը տեսնելու դժբախտությունն ունեցա, պարոն ժորժիկ։

Կաղաչեմ, պարոնիկ Ժորժիկս, եթե գաղղիացի չես, եթե հայրդ հայ և դուն ալ հայ ծնած ես և հայերեն թերթ պիտի հրատարակես, ատ Ժորժը վերցուր և տեղը Գեորգ դիր․ ես այսպես կուզեմ, այսպես կուզեն նաև թեթևության բոլոր թշնամիք։ Իսկ եթե իրոք գաղղիացի ես, այս ըսածներուս համար ներումն շնորհե՛ ինձ պարոն Ժորժ:

Ժորժ, հե՞... հա՛ հա՛ հա՛...