Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հունիս 26 չորեքշաբթի

Փունջին նայելով Բալույի առաջնորդ Սարգիս վարդապետը Խարբերդի բանտեն կը հանվի Տիգրանակերտի բանտը կը դրվի և Տիգրանակերտի բանտեն հանվելով Խարբերդի բանտը կը դրվի։

Պատրիարքարանը ազդու միջոցներ ձեռք առնելու միտք ունի։


Հունիս 27 հինգշաբթի

Լրագիրը հրատարակեցին, որ Պատրիարքական փոխանորդ դերապատիվ տեր Մկրյան հայրն պաշտոնեն հրաժարեցավ ու հրաժարականը չընդունվեցավ, կամ հրաժարականը չընդունվեցավ ու հրաժարեցավ։


Հունիս 28 ուրբաթ

Ընդհանուր ժողով չեղավ։ Կռիվ չեղավ։


Հունիս 29 շաբաթ

Ամենապատիվ սրբազան Պատրիարքն ինչ ինչ խնդրոց վրա բանակցելու գնաց մեծապատիվ եպարքոսին։

Բալույի Սարգիս վարդապետին բանտեն հանվելուն համար ալ խոսք եղավ։


Հունիս 30 կիրակի

Ամեն թաղեցի յուր թաղականին ներկայացավ և թաղին դպրոցին բարեկարգություն խնդրեց։

Թաղական խորհուրդները խոսք տվին, թաղեցիք գոհ սրտիվ մեկնեցան։


Հուլիս 1 երկուշաբթի

Բալուի Սարգիս վարդապետը հեռագրին գալուն կսպասե, որ բանտեն ելնե։