Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ պաշտոնական գրույն մեջ Ուսումնական խորհուրդը կը ծանուցանե, որ Ենի Քաբուի աղջկանց վարժարանն «ըստ բավականին աղեկ վիճակի մեջ է, և թե այդ դպրոցին մեջ սրբազան պատմության, ազգային պատմության և աշխարհագրության դասեր չեն տրվիր։

Ուրեմն, ով որ կուզե յուր դպրոցին «ըստ բավականին» աղեկ ըլլալն, թո՜ղ այդ դասերը դպրոցեն դուրս ընե։

Ուսումնական խորհրդո հաշվով, եթե թվաբանության, քերականութեան և ասեղնեգործության դասերն ալ հանվին «ըստ բավականին» են ավելի աղեկ պիտի ըլլաս դպրոցներուս վիճակը, և եթե այդ վարժարանն իր այս վիճակովը «ըստ բավականին» աղեկ է, Ուսումնական խորհրդո վիճակը «ըստ բավականին» են բավական ավելի աղեկ ըլլալու է․․․։

Բնավ լսած չունեինք, որ դպրոց մը սրբազան պատմության, ազգային պատմության ու աշխարհագրության դասեր չավանդե ու «ըստ բավականին» հառաջ գտցած ըլլա։ Բնավ ասանկ գիր մը կարդացած չունեի, բնավ ասանկ խնդացած չունեի, կարդալս ու խնդալս մեկ եղավ...։

Այս «ըստ բավականին» են զատ, Ուսումնւսկան խորհուրդնիս ուրիշ խնդալու կետեր ալ ունի ըստ բավականին։

Ուսումնական խորհուրդնիս որոշում տալու մասին խիստ հաջողակ է, բայց այդ որոշումը գործադրելու մասին տկար է, աս ալ այս պակասությունն ունի. կրնանք ըսել, մարդս կատարյալ չէ. եթե մարդս կատարյալ չէ, արդյոք որչա՞փ պակաս է Ուսումնական խորհուրդնիս, որ անկատար մարդոցմե կը բաղկանա։

Այս Խորհուրդը երբեմն յուր ստորագրությունը չճանչնար կոր, ստորագրությունն ալ երբեմն Խորհուրդը չճանչնար կոր. Խորհուրդը այսօր կելնե և յուր վավերացուցած հոգաբարձությունը կը ճանչնա միայն պատասխանատու, վաղն ալ խնամակալությունը կը ճանչնա, եկուր տես որ Ուսումնական խորհրդո կնիրն ալ խնամակալությունը չճանչնար ահավասիկ, Խորհրդույն ճանչցածը կնիքը չճանչնար կոր, կնիքին ճանչցածը՝ Խորհուրդը ճանչնալ չուղեր կոր, որով Խորհուրդը մեկ կողմեն հոգաբարձություն կը վավերացնե կոր, կնիքն ալ մյուս կողմեն ուրիշ հոգաբարձություն մը կը դնե կոր. և ահա այս է պատճառը, որ Ենի Քաբուի աղջկանց վարժարանը թե՛ հոգաբարձություն մը ունի և թե՛ խնամակալություն մը. եկու տես որ, իրոք ո՜չ մին ունի և ո՜չ մյուսը. առաջինը հրաժարելու ստիպված ըլլալով դպրոց ոտք չկոխեր, հետևաբար