Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բան մը չկրնար ընել, մինչդեռ մյուսը՝ ոտքը դուրսը չհաներ, հետևաբար բան մը չէ կարող ընել և դպրոցն այս Վիճակին մեջ «ըստ բավտկանին» աղեկ է եղեր...։

Ուսումնական խորհուրդնիս սուտ չպիտի զրուցե յա...։


ԻԶՄԻՐԻ ԽՆԴԻՐԸ

Ահավասիկ խնդիր մը, որ թե խրթին է և թե բնության խնդիր է։

Բնության խնդիրները բացառական ալ կարենալ ըլլալնուն համար, այս խնդիրն ալ Սահմանադրության կանոններուն մեկ բացառությունը կրցավ ըլլալ։ Ամեն կանոն յուր բացառությունն ունի, ինչպես նաև ամեն բացառութեան յուր կանոնը, միայն մեր Քաղաքական ժողովն է որ կանոն չունի, ու բացառություն ունի։

Իզմիրի խնդիրը ամեննուս ծանոթ է. ամենքնիս ալ զինք ճանչնալու պատիվն ունինք, համեստ, ծանրաբարո և ազատամիտ մեկն է, և շատուց ի վեր Պոլիս կը գտնվի և խնդրոց կարգին մեջ խաղաղ ու երջանիկ կյանք մը կը վարե։ Անանկ հյուրասեր Քաղաքական ժողով մը ունինք, որ իրեն խնդիրը մը երթալուն պես սիրով կը հյուրընկալե և թող չտար որ երթա։

Կարդացածնուս և լսածնուս նայելով Իզմիրեն այս օրերս պատգամավորություն մը պիտի գա եղեր, թերևս մինչև հիմա եկած է, այս խնդրույն որպիսությունը հարցունելու և խնդրույն՝ Եդեսյանին հետ Իզմիր վերադարձը խնդրելու համար։

Քաղաքական ժողովնիս հյուրասեր է, թող չտար որ...

Դարձյալ կարդացածնուս նայելով, Իզմիրի մեջ հարյուրի չափ հայ ընտանիք բողոքական ըլլալու միտք ունին եղեր... մինչև որ իրենց խնդիրը լուծվի։

Թատրոնը երբեք չներեր, որ իզմիրցիք ասանկ միտք մը ունենան, որովհետև եթե բողոքականությամբ իրենց իրավանց ձեռը բերվիլը կը հուսան, Քաղաքական ժողովն ալ իր կամքը կատարելու համար, կելնե բողոքական կըլլա դարձյալ չղրկեր Եդեսյանը։

Թեպետև մենք քաջ համոզված ենք, որ իզմիրցիք կրոնքնին չեն փոխեր, բայց Օրագրո մեջ ասանկ սուտ լուր մը հրատարակված տեսնելով արժան դատեցինք այս տողերը գրել։

Ի վերջո կը հուսանք, որ Քաղաքական ժողովնիս այս անգամ յուր հյուրասիրությունը քիչ մը չափավորելով կը հավանի Եդեսյանն թող տալու։