Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՌԱՋԱԲԱՆ

(Վարագույր բացվելուն՝ տեսարանին աջ կողմը դերձակի մը խանութ կը տեսնվի, որուն մեջ Մանզումե մկրատ ի ձեռին կանանց համար նոր հագուստներ կը ձևե¹· քիչ մը անդին Մասիս կողով ի ձեռին բառարանին մեջեն պզտիկ բառեր կը ժողվե. տեսարանին ձախ կողմը Օրագիր Տրամաբանություն մը թղթատելով անանկ կանոն մը կը փնտրե², որով կարելի ըլլա իրեն քաղաքն յուր դռնեն հանելու եզրակացություն մը ձեռք բերել· քիչ մը անդին Փունջ Օրագրո այս աշխատությանը վրա խնդալեն մարելու պես կ’ըլլա ասոնցմե քիչ մը հեռու երկու Հայրենիք³ քովե քով նստած կաթողիկոսական խնդրույն վրա կը վիճաբանին. տեսարանին խորը Ասիա ոտքի վրա կայնած մյուս թերթերուն նայելով ինչ ճամբա բռնելուն վրա կը խորհի· քանի մը քայլ անդին Մամուլ գաղիերեն զավեշտական թերթերեն ընդօրինակություններ ընելով «Ներսեն-դրսեն» կը պատրաստե. տեսարանին բարձրեն Դիտակը ուշի ուշով դեպի վար կը նայի ու ներկայն ապագա կը տեսնե. Ավետաբերը կրոնավորի հագուստով ասոնց մեջ կը պտրտի։ Վարագույրին ետևի կողմը մոլություններով լի է։ Արդարությունը կույսի կերպարանքով այդ մոլություններուն գլխավորը հրելով տեսարան կուգա )։

ՏԵՍԻԼ ԱՌԱՋԻՆ

ԱՐԴԱՐՈԻԹՅՈԻՆ, ՄՈԼՈԻԹՅՈԻՆ

ԵՎ ՆՈԻՅՆՔ

Արդարություն. Ա՛լ բավ է… այսչափ մոլությանց առջև լուռ մնալու համար կամ համր ըլլալու է և կամ կույր։

Մանզումե. Օրիորդ, ապրիլ ամսու մոտայեն նոր շրջազգեստ մը կարե՞մ ձեզի։

Արդարություն. Ո՛չ, ես հագուստ շինել տալու համար չեկա հոս, ասկից զատ ես հագուստի պետք չունիմ, ես այն ատեն միայն աղեկ հագված կ'ըլլամ երբ բան մ'ալ չհագնիմ: