Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապրիլի 23-ին: Արդեն 1920թ. ապրիլի 26-ին Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը Սան Ռեմոյի իր հավաքի ժամանակ որոշում կայացրեց դիմել ԱՄՆ նախագահին երկու խնդրանքով.

1) ստանձնել Հայաստանի մանդատը,
2) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:

Ինչպես գիտեք, Հայաստանի մանդատը մերժվեց ԱՄՆ Սենատի կողմից 1920թ. հունիսի 1-ին: Սակայն երկրորդ խնդրանքի վերաբերյալ ամերիկյան պատասխանը դրական էր և 1920թ. մայիսի 17-ին ԱՄՆ պետքարտուղարը Ֆրանսիայում ամերիկյան դեսպանի միջոցով դաշնակիցներին տեղեկացրեց, որ նախագահը համաձայնել է գործել որպես իրավարար: Խնդիրն իրականացնելու համար արդեն հուլիսի կեսերին պետքարտուղարությունը պրոֆ. Վիլյամ Վեստերմանի գլխավորությամբ ստեղծեց փորձագետների մի խումբ, որը կոչվում էր. «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի իրավարարության հանձնախումբ»: Այն բանից հետո, երբ 1920թ. օգոստոսի 10-ին Սևրում ստորագրվեց Խաղաղության պայմանագիրը, նշյալ հանձնախումբը պաշտոնապես սկսեց իր աշխատանքները: Սևրի պայմանագիրը կարևորվում է նրանով, որ այդ պայմանագրի մեջ որպես 89-րդ հոդված ներառված է կոմպրոմին (compromis), այսինքն՝ իրավարարության հայտը: Հարկ է նշել, որ կոմպրոմիի կարգավիճակը բնավ կապ չունի բուն պայմանագրի կարգավիճակի հետ, այսինքն՝ վերջինիս վավերացված կամ չվավերացված լինելու հետ: Ուստի, երբ 1920թ. հոկտեմբերի 18-ին ԱՄՆ պետքարտուղարությունը ստացավ Սևրի պայմանագրի ստորագրված տարբերակը, ապա դա բավարար հիմք էր ԱՄՆ նախագահի համար պաշտոնապես կայացնելու իր իրավարար վճիռը: Նախագահ Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին ստորագրեց իրավարար վճիռը և դրա առդիր փաստաթղթերը: Փաստաթղթերի այդ փաթեթը, որը կազմում է մի ամբողջություն, բաղկացած է 241 էջից, որից բուն իրավարար վճիռն 89 էջ է, իսկ տասը հավելվածները՝ 152 էջ: Իրավարար վճիռը 1920թ. դեկտեմբերի 6-ին Փարիզում ԱՄՆ դեսպանատան կողմից պաշտոնապես փոխանցվեց Դաշնակից ուժերին: Տարօրինակ է, սակայն փաստ է, որ հայոց նորագույն պատմության կարևորագույն փաստաթուղթը, որով ամրագրված են ՀՀ իրավունքներն ու սահմանը Թուրքիայի հետ, բացառությամբ յոթերորդ գլխի, երբեք չի տպագրվել:

Մի քանի խոսք իրավարար վճռի բովանդակության մասին: Ըստ իրավարար վճռի, Հայաստանի Հանրապետության տիտղոսն