Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չում գտած սկզբունքներից և կանոններից, թե ածանցված լինեն պայմանագրերից կամ այլ համաձայնագրերից, որոնց այդ երկրները մաս են կազմում համաձայն միջազգային օրենքի», ուստի ՀՀ-ն կարող է և պարտավոր է միջազգային իրավունքի հիման վրա պաշտպանել իր շահերը, այսինքն՝ Անվտանգության խորհրդի ուշադրությունը պիտի հրավիրի այն հանգամանքի վրա, որ Թուրքիան չի կատարում Վիլսոնի իրավարար վճռով ստանձնած պարտավորությունները, որի հետևանքով առաջացել է միջազգային, այսինքն հայ-թուրքական դիմակայություն և վեճ: Հայաստանի Հանրապետությունը որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, ՄԱԿ-ի կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, լիովին իրավասու է «Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր համաժողովի ուշադրությանը բերել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որն իր բնույթով համապատասխանում է [սույն կանոնակարգի] 34-րդ հոդվածում վկայակոչվածին»: Իսկ ՄԱԿ-ի կանոնադրության 34-րդ հոդվածն արձանագրում է. «Անվատանգության խորհուրդը կարող է քննության առնել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային դիմակայության կամ առաջ բերել վեճ՝ որոշելու համար, թե արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակումը կարո՞ղ է վտանգել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը»: Ակնհայտ է, որ ներկա իրավիճակն արդեն իսկ հանգեցրել է հայ-թուրքական դիմակայության և խնդրահարույց վիճակի, և այս ամբողջը հետևանք է Թուրքիայի կողմից ՀՀ-ի նկատմամբ պատերազմական միջոցառման (war measure)՝ շրջափակման, իրականացման: Իսկ շրջափակումն հնարավոր է դարձել միմիայն Թուրքիայի կողմից իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանքով:

Միևնույն ժամանակ, Հայաստանը միջնորդի, օրինակ վճիռը կայացրած երկրի՝ ԱՄՆ-ի, միջոցով կարող է դիմել Թուրքիային, որպեսզի միասնաբար դիմեն ՄԱԿ-ի միջազգային դատարան Միջազգային դատարանի կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա հստակեցնելու համար Վիլսոնի իրավարար վճռի ներկա կարգավիճակը: Զուգահեռաբար ՀՀ-ն կարող է հայց ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովին, որպեսզի վերջինս, Միջազգային դատարանի կանոնակարգի 65-րդ հոդվածի համաձայն, Իրավարար վճռի մասին խորհդրատվական (պարզաբանական) կարծիքի համար (advisory opinion) դիմի միջազգային դատարան: