Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԷ. Հիմնավորում

Նոյեմբերի 22-ը «Հայրենատիրության օր» հռչակելու

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Ապրիլի 24-ը հանդիսանում է հայ ժողովրդի նվիրական օրերից մեկը՝ հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը: Հայ իրականության մեջ այդ օրը մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր: Այսուհանդերձ, այդ օրը կորստի օր է, առավելագույնը՝ կորուստը ճանաչել տալու օր:

Սակայն, որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն, մենք կարիք ունենք հաղթանակի ու հատուցման օրվա, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր իրականության մեջ կա՛ այդ օրը. հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը: Այդ օրն իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը՝ հյուսիս-արևելյան հատվածը: Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը.

  1. կատարման համար պարտադիր է,
  2. իրավական տեսանկյունից անբեկանելի է և
  3. իրավունքների գոյության առումով անժամանցելի է:

Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական Կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Հնդկաստանի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա և ուժի մեջ է մտել ստորագրման պահից, ուստի այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է բոլոր վերոհիշյալ երկրների կամ նրանց իրավահաջորդների համար: Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ Իրավարար վճիռը կրում