Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻԲ. Հայրենատիրության միայնակ խաչակիրը

2009թ. հունիսի 11-ին լրանում է հայոց նորագույն պատմության քաղաքական մեծագույն դեմքերից մեկի՝ Վահան Քարտաշյանի մահվան 75-ամյա տարելիցը: Մարդ, որի անունն այսօր քչերին է հայտնի, սակայն որի նվիրումը հայրենատիրության գաղափարին և որի վաստակը հայոց պահանջատիրության գործում անգերազանցելի է առ այսօր:

Վահան Քարտաշյանն այն մարդն է, որին մենք մեծապես պարտական ենք Միացյալ Նահանգների Սենատում հայության՝ առ այսօր տարած մեծագույն, թերևս միակ, հաղթանակի համար: Վահան Քարտաշյանն այն մարդն է, որին հաջողվել է համախմբել ամերիկյան հանրային կարծիքն ու քաղաքական կամքն ընդդեմ ամերիկա-թուրքական՝ 1923թ. օգոստոսի 6-ին Լոզանում կնքված պայմանագրի և դրանով անխաթար պահել, ավելին՝ վերահաստատել հայոց պահանջատիրության հիմքը հանդիսացող՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը:

Վահան Քարտաշյանը ծնվել է Կեսարիայում 1883թ. դեկտեմբերի 1-ին: Հայրը հաջի Նազար աղա Քարտաշյանն էր, մայրը՝ Մարիամ Գալայճյանը: Քարտաշյան ընտանիքն ուներ երկու որդի՝ Կարապետ և Վահան, և մեկ դուստր՝ Հրանուշ: Հայկական դպրոցում նախնական կրթությունը ստանալուց հետո Վահանը մեկ տասնամյակ ուսանում է սբ Բարսեղ Կեսարացու անունը կրող ֆրանսիական ճեմարանում (L’Université de St. Basil), ապա երկու տարի՝ տեղի ամերիկյան վարժարանում (Talas American College):

Վահան Քարտաշյանը 1902թ. տեղափոխվում է ԱՄՆ, ուր 1904-1908թթ. իրավագիտություն է ուսանում Յելի (Yale) համալսարանում: Այդ ընթացքում նա խորամուխ է լինում ամերիկյան հասարակական կյանքի մեջ, գրում է հարյուրավոր հոդվածներ, հրապարակում 2 գիրք՝ «XX դարի Օսմանյան կայսրությունը» (The Ottoman Empire of the Twentieth Century) և «Թրքական հարեմի իրական կյանքը» (Actual life in Turkish Harem):

1907թ. մայիսի 15-ին ամուսնանում է կանանց իրավունքների առաջամարտիկ Քորնելյա Ալեքսանդր-Հոլաբի (Cornelia Alexander Holub) հետ: Ուսումն ավարտելուց հետո 1909թ. նա ընդգրկվում է Նյու Յորքի իրավաբանների ընկերակցության մեջ և սկսում մասնավոր իրավաբանական գործունեություն: Դրանք հենց այն