Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարիներն էին, երբ Օսմանյան կայսրության մեջ տեղի էին ունեցել հեղաբեկիչ իրադարձություններ:

Ազատության, հավասարության և եղբայրության բարձրագոչ և խիստ գայթակղիչ կարգախոսով իշխանության էին եկել «Երիտասարդ թուրքերը»: Սա այն ժամանակահատվածն էր, երբ հայերը հերթական անգամ հավատում էին, որ թուրքերը փոխվել են, և նրանք այլևս «այն թուրքերը» չեն, ուստի Քարտաշյանը 1911թ. ընդունում է թուրքական դեսպանորդի առաջարկը՝ ստանձնել դեսպանության խորհրդականի և Նյու Յորքի թուրքական հյուպատոսության իրավախորհրդատուի պաշտոնը:

Սակայն երբ 1915թ. կեսերին Ամերիկա են հասնում հայոց ջարդերի և աքսորների մասին առաջին լուրերը, նա թուրքական պետության ներկայացուցչի երեսին է շպրտում Օսմանյան կայսրության կողմից իր ստացած բոլոր շքանշաններն ու ամբողջությամբ զինվորագրվում տարաբախտ հայրենիքին օգնելու սուրբ գործին: Այդ պահից ի վեր Քարտաշյանն այլևս նոր մարդ էր՝ հայրենատիրության մարտիկ և ազգի նվիրյալ:

1915թ. հայերը Միհրան Սվազլիի (Սվազլյան) գլխավորությամբ ստեղծում են Հայոց ազգային միությունը (Armenian National Union): Միությունը Նյու Յորքում հաստատում է Մամուլի հայկական գրասենյակ (Armenian Press Bureau), որի գործադիր տնօրենն ու թողարկվող հիմնական նյութերի հեղինակն է դառնում Վահան Քարտաշյանը: Նա նաև ամեն շաբաթ մեկնում էր Վաշինգտոն, ուր բազմաթիվ հանդիպումներ էր ունենում ազդեցիկ անձանց հետ: Երբ 1918թ. մայիսի 28-ին հայոց ընդարձակ հայրենիքի մի փոքր հատվածի վրա հռչակվում է հայոց նորանկախ պետականությունը, Քարտաշյանն իր ողջ ջանքերը նպատակաուղղում է ԱՄՆ կողմից հայոց պետության ճանաչմանը և իր բազմաչարչար երկրին ամերիկյան օգնության հատկացմանը:

1918թ. դեկտեմբերին նա հիմնում է Հայաստանի անկախության ամերիկյան հանձնախումբը (American Committee for the Independence of Armenia – ACIA), որն ուներ 72 հոգիանոց ընդհանուր խորհուրդ և առաջնորդվում էր 9 հոգիանոց գործադիր մարմնի կողմից, որի ղեկավարն էր Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջերարդը (James Gerard): Ընդհանուր խորհրդի պատվո նախագահն էր ԱՄՆ Գերագույն դատարանի նախկին անդամ և ապագա պետքարտուղար Չարլզ Էվանս Հյուզը (Charles Evans Hughes): Սա