Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի աննախադեպ հզոր կազմակերպություն էր, որի բոլոր անդամները, բացի Քարտաշյանից, ամերիկացիներ էին: Կազմակերպությունն իր շարքերում ուներ նախկին և գործող օրենսդիրներ, նախարարներ, դեսպաններ, ռեկտորներ և 21 նահանգապետ: Կազմակերպությունը 13 նահանգում ուներ 23 մասնաճյուղ:

Այդ ժամանակահատվածում Վահան Քարտաշյանի և նրա գործընկերների գործունեության ամենամեծ արդյունքը, անտարակույս, 1920թ. ապրիլի 23-ին ԱՄՆ կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումն էր (համեմատենք 2009թ. ապրիլի 23-ի հայտնի «իրադարձության» հետ): Սա առանձնապես հիշատակելի է, քանի որ ԱՄՆ-ը այդպես էլ երբեք չճանաչեց Վրաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների անկախությունը:

Շոշափելի արդյունք պետք է համարել նաև ամերիկյան տարբեր գործակալությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը 17 միլիոն 202 հազար դոլարի մարդասիրական օգնության հատկացմանն ու ավելի քան 11 միլիոն դոլար արտոնյալ վարկի տրամադրմանը էապես նպաստելը:

1920-23թթ. հայոց նորագույն պատմության ամենամեծ ձեռքբերումների և ամենամեծ կորուստների տարիներն են:

Սրանք այն տարիներն էին, երբ մի կողմից՝ միջազգային հանրությունը Վիլսոնի իրավարար վճռով ճանաչեց ու ամրագրեց հայերի՝ իրենց բնօրրան-հայրենիքի հյուսիսարևելյան հատվածում պետություն ունենալու իրավունքը, մյուս կողմից՝ երկու անօրեն և միջազգային ճանաչում չունեցող վարչախմբերի (թուրքական և խորհրդային) գրկախառնումը խեղդեց հայոց անկախ պետականությունը:

Մի կողմից հնչում էին հայերին տված խոստումներին և իրավական պարտավորություններին հավատարիմ մնալու հավաստիացումները, մյուս կողմից տեղի էր ունենում դրանց սքողված և անսքող ուրացումը: Այդ ծանր քաղաքական զարգացումները վհատության շեմին էին հասցրել շատերին, շատերն էին հրաժարվել իրենց գաղափարներից, շատերն էին անցել հակառակ ճամբարը:

Եվ ահա, այս դժվարագույն պայմաններում Վահան Քարտաշյանի երկարամյա հայրենանվեր գործունեությունն արձանագրում է մեծագույն արդյունքը: Նրան հաջողվում է կանխել Լոզանում Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև 1923թ. օգոստոսի 6-ին կնքած երկկողմ պայմանագրի ընդունումն ԱՄՆ Սենատում: