Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻԳ. Սպասելով Փոքր Մհերի վերադարձին

Հին աշխարհում մի սովորություն կար. վատ լուր բերողի գլուխը կտրում էին: Երբ երեխա էի, չէի հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ ստանձնում գուժկանի մահաբեր առաքելությունը: Հետո հասկացա: Ազգային, հասարակական շահի տեսանկյունից ոչինչ չկա ավելի բարձր, քան ճշմարտությունը: Պարզ, երբեմն դաժան ճշմարտությունը կենսական նշանակություն ունի, որովհետև առանց բաց աչքերով իրականությանը նայելու հնարավոր չէ գտնել փրկության ուղին: Միթե՞ կարող է կույրը կույրին առաջնորդել: Հիմա մեր հերթն է բաց աչքերով նայելու իրականությանը:

Հայ ժողովրդի լինելիությունը նրա ավելի քան հինգհազարամյա գոյության ընթացքում երբեք այսքան վտանգված չի եղել, որքան այժմ: Սա պայմանավորված է Հայաստանում ձևավորված ժողովրդագրական սպառնալից իրավիճակով՝ անշեղորեն կրճատվող ծնունդով, հասարակության ծերացմամբ, մահացության աճով, ինչպես նաև չընդհատվող արտագաղթով: Պատճառները բազմաթիվ են, սակայն հիմա դրանք չենք քննարկի: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Հայաստանի բնակչությունը մինչև 2025թ. կնվազի 25%-ով: Միևնույն ժամանակ Ադրբեջանի բնակչությունը կաճի 31%-ով, իսկ Թուրքիայինը՝ 43%-ով:[1] 50 տարի հետո Հայաստանում կմնա ներկա բնակչության կեսը: Ցանկացած հասարակության պարզ վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ ծնելիության ցուցանիշը լինի առնվազն 2.11: Ծնելիության 1.3 ցուցանիշ ունեցող հասարակությունները դատապարտված են վերացման: 2007թ. Հայաստանում ծնելիության ցուցանիշը եղել է 1.348:[2]

Անգամ ցեղասպանության տարիներին դրությունն այսքան ողբերգական չէր: Պարզ էր, որ ինչ-որ քանակությամբ հայեր փրկվելու էին, որոնք էլ իրենց հայրենիքի մի հատվածի վրա վերաշինելու էին իրենց տունը և շենացնելու էին հայրենիքը զավակներով: Հարցը ժամանակի մեջ էր՝ շատ կփրկվեին, քիչ ժամանակ պետք կլիներ ազգը վերականգնելու համար, քիչ կփրկվեին՝ շատ ժամանակ պետք կլիներ: Հավերժության զավակը՝ ժամանակը, մեր դաշ-

  1. Գայանե Աբրահամյան, ArmeniaNow.com, 29.06.2007:
  2. Կարինե Կույումջյան, Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ, 22.04.2008, Panorama.am: