Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


են նրանց ուշադրությունը սևեռել այնպիսի մանրամասների վրա, որոնք նրանք հավանաբար կանտեսեին: Այս ժողովածուն կարող է նաև պաշտպանիչ վահան դառնալ մի շարք անհետաձգելի իրավիճակներում, որոնք վերջին մեկուկես դարում այդքան թանկ են նստել հայերիս վրա:

Այս գրքի արժանիքներից մեկն էլ այն է, որ նշավակում է առավել չարանենգ ուղիները, որոնց միջոցով միջազգային համայնքում որոշում կայացնողները ի հաշիվ հայ ժողովրդի լուծել են իրենց խնդիրները կամ վճարել են իրենց տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերի համար, դրանով իսկ, թերևս ոչ կանխամտածված, սերմանել ձգձգվող հակամարտություններ: Հայերն անշուշտ իրավունք ունեն ապրել իրենց պապենական հողերի վրա, լինել ազատ և ապահով: Հետևաբար, խղճի դեմ է, երբ որոշ ազգեր, ապավինելով հզոր դաշնակիցների աջակցությանը, ինքնագոհ պնդում են՝ իբր ընդունելի է և արդարացված ապրել այլոց զրկանքի և տառապանքի հաշվին:

Մեր զինանոցում հոդվածների նման ժողովածուն ունենալը կարող է էապես օգտակար լինել ռազմավարություն մշակելու, սպառնալիքները վնասազերծելու, սխալներից խուսափելու, չմտածված փոխզիջումներից խույս տալու և նպատակից չշեղվելու համար:

Խնդրո առարկա հարցերը պետք է լավ ըմբռնվեն ոչ միայն հայերի, այլև միջազգային ասպարեզում որոշումներ կայացնողների, ինչպես նաև վերջիններիս վրա ազդեցություն ունեցողների կողմից. երբեմն դրանք լրատվամիջոցներն են ու հանրությունը, սակայն առավել հաճախ դրանք անդեմ դիվանակալներ են և որոշակի հաստատությունների ընտրախավը: Պապյանի ջանքերը ոմանց կարող են հեռահար կրակոց թվալ: Բայց պետք է նկատի ունենալ, որ դա կարող է միակ կրակոցը լինել: Պատերազմում՝ հողի վրա, հաղթողները, երբեմն կարող են պարտություն կրել բանակցությունների սեղանի շուրջ: Հայությունը՝ Առաջին աշխարհամարտում հաղթող կողմի փոքրիկ դաշնակիցը, դա ցավով սերտեց այն ժամանակ, երբ հաղթողները տեղի տվեցին, թերևս նույնիսկ խրախուսեցին, հայերի հողերի բռնազավթումը պարտվածների կողմից: Ինչևէ, պատմությունը ցույց է տալիս, որ գաղափարները հաստատ ունենում են հետևանքներ: Լավ հղկված և ճիշտ ժամանակին առաջադրված գաղափարները, որոշակի աջակցության դեպքում, կարող են հաստահեղյուս անկյունաքարեր դառնալ բարձր և հզոր նպատակների համար:

Ուրեմն, գաղափարները դեռևս ունակ են հաղթելու անգամ միջազգային իրավունքի և աշխարհաքաղաքականության որոգայթաշատ անդաստանում: Այս ժողովածուն ամրապնդում է այդ հույսը:

Թոմաս Սամուէլեան, J.D., Ph.D.
Հայաստանի ամերիկյան համալսարանի
Իրավագիտության ֆակուլտետի դեկան
Երևան, 2011թ.