Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻԶ. ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արամ Աբրահամյանին

Հարգելի՛ պարոն խմբագիր,

Ձեր թերթում ս.թ. սեպտեմբերի 3-ի հրապարակած առաջնորդողը Դուք ավարտում եք մի շատ կարևոր հարցադրումով. «Պետք է վերջապես հստակեցնել՝ արդյո՞ք Ցեղասպանության միջազգային ճանաչումը և պահանջատիրությունն այսօր մեր պետության ամենաառաջնակարգ և ամենահրատապ խնդիրներն են»: Հաշվի առնելով վեցշաբաթյա քննաշրջանը, որի մեջ ներկայումս գտնվում է հայ ժողովուրդը՝ միանգամայն ժամանակին արված հարցադրում է:

Փորձեմ ինքս պատասխանել այդ հարցադրմանը և միևնույն ժամանակ հույս հայտնել, որ իրենց քաղաքական գործիչ համարող անձինք, իսկ դրանք գրեթե անհաշիվ են Հայաստանում, նույնպես կարձագանքեն Ձեր հարցադրմանը:

Անձամբ ինձ համար Ցեղասպանության ճանաչումն առաջնային ու էական չէ և չի եղել, թեև անձնապես մեծ և բարեավարտ ջանքեր եմ գործադրել ճանաչման ուղղությամբ [օրինակ, Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը]: Ցեղասպանության ճանաչման գործընթացը պետականազուրկ հայ ժողովրդի սփյուռքի հատվածի միակ հնարավոր գործողությունն էր՝ նպատակամղված մասնակի՝ բարոյական, հատուցում ստանալուն: Իհարկե կար և կա Ցեղասպանության ճանաչումը նյութական և տարածքային հատուցումով «պտղավորելու» աղոտ ձգտումը, որի իրականացման գործնական ուղին մինչև հիմա ինձ համար անըմբռնելի է մնում:

Բոլորովին այլ է պահանջատիրության հարցը: Ընդհանրապես, պահանջատիրություն բառն ընկալվում է որոշակի բացասական ստվերով, ուստի ներկա հայ քաղաքական կյանքում, հատկապես պետականամերձ շրջանակներում, դրանից հեռու մնալու ձգտում կա: Պահանջատիրությունը «claims under international law» (պահանջներ՝ ըստ միջազգային իրավունքի) երկարաշունչ եզրույթի բավականին հաջող թարգմանությունն է: Պահանջները և պահանջներին հետամուտ լինելը միջազգային հարաբերությունների մեջ մշտապես գոյություն ունեցող երևույթներ են, և դրա մեջ ինքնին որևէ բացասական բան չկա: Պահանջատիրության բնույթը որոշվում է ոչ թե