Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պահանջի ընդգրկմամբ, այլ նրա օրինական կամ անօրինական լինելով, այսինքն՝ տվյալ երկրի հավակնությունները որքանով են խարսխված միջազգային իրավունքի վրա: Այս առումով, ՀՀ տարածքային իրավունքները միանգամայն անթերի են, քանի որ խարսխված են անժամանցելի և անբեկանելի միջազգային փաստաթղթի՝ այն է Իրավարար վճռի (Arbitral Award) վրա: Ավելին, հայոց պահանջատիրության հարցը, որն ըստ էության հայրենատիրության ջատագովություն է, նաև մարդու իրավունքների հարց է, քանի որ այն կոչված է վերականգնելու սեփական հայրենիքից ու ազգային ժառանգությունից զրկված անհատ մարդու և միևնույն հանրությանը պատկանող անհատների հավաքական իրավունքը:

Այսուհանդերձ, ես կողմ եմ պահանջատիրության քաղաքականությանը ոչ թե այն պատճառով, որ դրա օրինական իրավունքն ունենք կամ միայն ուզում եմ օգնել իմ հայրենակիցներին վերականգնել մեր ոտնահարված իրավունքները, այլև այն պատճառով, որ դա՛ է հայոց պետականության հզորացման միակ հնարավորությունը, ըստ այդմ՝ հայ ժողովրդի հարատևման եզակի ուղին:

Ուղին, որով այսօր փորձում են ընթանալ ՀՀ իշխանությունները, ամենադյուրին, սակայն անհեռանկարային ճանապարհ է: Դրանով չի լուծվում ՀՀ առջև ծառացած և ոչ մի կենսական խնդիր, այն է՝

ա) պետության ինքնիշխանության և այդ պետության քաղաքացիների անվտանգության ապահովումը,
բ) երկրի տնտեսական զարգացման և այդ երկրի քաղաքացիների
բարեկեցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը,
գ) նախորդ երկուսի հենքի վրա, այսինքն՝ ապահով և բարեկեցիկ
երկրի մեջ, ազգային ինքնության և մշակույթի զարգացումը:

Մենք անասելի բարձր գնով Վրաստանից մեր կախվածության փոխարեն ստանում ենք կախվածություն Թուրքիայից, այսինքն՝ դառնում ենք Թուրքիայի բարեհաճության և ներքին կայունության պատանդը:

Վերջերս հայաստանյան թերթերից մեկը, նկատի ունենալով Հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունների վերաբերյալ իմ արտահայտած մտքերը, գրել էր, որ ես ամենահոռետեսական կանխատեսումներն եմ արել: Ուզում եմ հիշեցնել, որ հոռետեսները ուղղակի լավ տեղեկացված իրատեսներ են: Ես պարզապես շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է մեզ սպասում, եթե ստորագրենք վերոհիշյալ արձանագրությունները...