Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պում (legal definition), ապա մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը: Այդ տարածքը որոշվում է ոչ թե պատմությամբ, այլ տարածքի նկատմամբ առկա օրինական՝ հայկական տիտղոսով: Այսպես, նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների՝ համապատասխանաբար 63%, 66%, 100% և 75% տարածքը de jure պատկանում է Հայաստանի Հանրապետությանը ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են «պատմական հայկական հողեր» կամ ցեղասպանություն է եղել, այլ որովհետև դրանք, չնայած Թուրքիայի կողմից դրանց 1920թ. բռնազավթմանը, առ այսօր կրում են Հայաստանի Հանրապետության իրավական տիտղոսը: Տիտղոս, որը նախ 1920թ. ապրիլի 26-ին ավելի քան 50 երկրների անունից ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, ապա ԱՄՆ մեծ կնիքով (The Great Seal of the United States) ու նախագահ Վիլսոնի ստորագրությամբ վերահաստատվել և ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին, իսկ հետո վերահաստատվել է Լոզանի՝ 1923թ. հուլիսի 24-ի պայմանագրի 16-րդ հոդվածով:

Հիմա չեմ ուզում այլ հարցերի անդրադառնալ, սակայն պատասխանեմ մի հարցի ևս, որ հաճախ է հնչում: Ի՞նչպես պիտի վարվենք այդ տարածքի հետ: Դա մեր բոլորիս՝ Հայաստանում, թե Սփյուռքում ապրողների, օտարախոս, թե հայախոս, առաքելական, թե մուսուլման, հարուստ թե աղքատ, մեր բոլորիս՝ հայ ժողովրդի, որոշելիքն է: Կուզենք կծախենք, կուզենք վարձու կտանք, կուզենք կնվիրենք Իսլանդիային, դա մեր որոշելիքն է: Ինչպիսին էլ լինի որոշումը, դրան պիտի մասնակցենք մենք բոլորս: Հայրենիքը բոլորինս է, այն չի բաշխվում ըստ պաշտոնի:

07 սեպտեմբերի, 2009թ.