Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԴ. Արձանագրություններն Ազգային ժողովի

լիազորությունների շրջանակից դուրս են

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը լիազորված չէ քննարկելու, քվեարկելու, առավել ևս վավերացնելու Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները:

Նշյալ արձանագրություններն Ազգային ժողովի լիազորությունների շրջանակից դուրս են: ՀՀ գործող սահմանադրությունն այդ հարցում միանշանակորեն հստակ է: Ըստ սահմանադրության 81-րդ հոդվածի երկրորդ կետի՝ Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են «միջազգային պայմանագրերը» (International Treaties, международные договоры), միայն «պայմանագրերը»: Այն չի նախատեսում միջազգային որևէ այլ փաստաթղթի, այդ թվում նաև արձանագրության (protocol, протокол), վավերացում: Արձանագրությունը պայմանավորվածություն է, սակայն այն պայմանագիր չէ:

Ազգային ժողովում վերոնշյալ արձանագրությունների հետ կապված ցանկացած գործողություն կամ գործընթաց կլինեն հակասահմանադրական:

12 սեպտեմբերի, 2009թ.